- Ինչ՞ ես ուզում դառնալ, երբ մեծանաս:

Դեռ մանկուց սա ամենահաճախ տրվող հարցն է: Մեզանից շատերն այս հարցին ամեն անգամ տալիս են անհավանական, տարբեր և հետաքրքիր պատասխաններ:

Սակայն մասնագիտություն ընտրելիս շատերս ակամա կանգնում ենք հարցի առջև` ի՞նչ դառնալ` հաճախ մոռանալով նաև մանկության երազանքները: Չէ՞ որ պետք է ոչ միայն ճիշտ ընտրել մասնագիտությունը, այլև գտնել հենց այն ոլորտը, որտեղ կկարողանաս լավագույնս դրսևորվել և հետագայում հաճույքով զբաղվել դրանով:

«Յուրաքանչյուր երեխա, մինչև հասուն կյանք մտնելը, խաղերի, դերերի միջոցով փորձարկում է իր դերը և անգամ հնարավոր տեղը կյանքում: Դա միանգամայն բնական է, որ այդ տեղը գտնելու համար երեխաները որոշակի կերպարներ են ստեղծում, պատկերացնում այն «սեփական մաշկի» վրա, և զարմանալի է, բայց ամենահաջողվածները մնում են ենթագիտակության մեջ, որոնք իրենց ազդեցությունը ևս ունենում են մասնագիտություն ընտրելիս: Իհարկե, կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք նպաստում են այս կամ այն մասնագիտության ընտրությանը, սակայն ներքին ձայնն ամենից մեծ ազդեցությունն է թողնում, և հաճախ դա հենց մեր ենթագիտակցության ձայնն է»,- ասաց հոգեբան Նարինե Սերոբյանը:

 Հաճախ ապագա մասնագիտությունն ընտրելիս մենք ավելի շատ առաջնորդվում ենք ծնողների, ընկերների, հարևան Արմիկ տոտայի հեղինակավոր կարծիքով, ինչպես նաև «նորաձև» մի քանի մասնագիտությունների վարկանիշով, քան սեփական նախասիրությամբ: Ըստ հոգեբանի` մասնագիտություն ընտրելիս նախևառաջ պետք է լսել սեփական ներքին ձայնը և հաշվի առնել, թե ինչ ենք ուզում դառնալ: «Ցանկացած մարդ ունի իր տեսակը, ինչին համապատասխան էլ պետք է ընտրել մասնագիտությունը: Սակայն շատ երեխաներ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, հաճախ վախենում են որոշում կայացնել: Այդ դեպքում կան բազմաթիվ նման թեստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ նախասիրություններ ունեցող մարդը ինչ ոլորտում կարող է իրեն արդարացնել: Թեստերը գրեթե երբեք չեն սխալվում»,- հավաստիացնում է հոգեբանը:

Բնականաբար, քեզ շատ հայտնի մարդիկ էլ մեր հասարակության անդամ են, ովքեր ժամանակին քեզ պես երկմտել են` ինչ դառնալ: Պարզվում է` հայտնիների շարքերում էլ շատ են նրանք, ովքեր մի ժամանակ ընտրել են այլ ուղի, բայց աշխատասիրության, սեփական ուժերին հավատալու և վստահելու շնորհիվ հասել են ճանաչման այլ բնագավառներում:

 

 

Մանե Գրիգորյան. «Որոշում կայացնելուց առաջ լավ կշռադատեք»

Հայտնի հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը խոստովանում է, որ մինչև կոնկրետ մասնագիտություն ընտրելը երկար է տատանվել. Կշեռքի համաստեղության տակ ծնված հաղորդավարուհին մինչ որևէ քայլ անելը երկար կշռադատում է, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում սովորել է հանգամանքների բերումով: «Որոշել էի դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բայց միավորներս բավարար չէին և դիմեցի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Սիրում եմ լեզուներ, բայց չեմ կարծում, որ դա մասնագիտություն է: Այդ պատճառով էլ մագիստրատուրան շարունակեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում»,- նշեց Մանեն: Այժմ նա վարժ տիրապետում է ոչ միայն լեզուների, այլև դիվանագիտական նրբությունների: Սակայն ինչպես ինքն է խոստովանում` մասնագիտություններն այնքան էլ որոշիչ չեն իր կարիերայում: Բոլոր շրջանավարտներին Մանեն խորհուրդ է տալիս լավ մտածել մինչև որևէ մասնագիտություն ընտրելը:

 

 

Մարիաննա. «Աշխատանքը չպետք է ստիպված անես»

Մարիաննան այն սակավաթիվ աղջիկներից է, ում մանկության երազանքն իրականություն է դարձել: Ըստ նրա` միշտ էլ իմացել է, որ ապրելու է երգով, բայց մասնագիտություն ընտրելիս նախապատվությունը տվել է լեզուների ուսումնասիրությանը: Այժմ Մարիաննան ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի է: «Կարծում եմ, ցանկացած երգչուհի կամ հայտնի մարդ, ով այլ երկրներում է լինում, պետք է գոնե մի քանի լեզու իմանա, որ կարողանա ազատ շփվել: Դրա համար էլ որոշեցի գնալ լեզուների գծով, բայց նաև զբաղվում եմ երգչուհու իմ կարիերայով»,- ասաց նա: Բացի երաժշտական դպրոցից, Մարիաննան մասնակցել է «Դո, ռե, մի»-ի դասընթացներին: Մասնագիտության ընտրության հարցում լսել է թե´ ծնողների խորհուրդը, թե´ նաև սեփական նախասիրությամբ է առաջնորդվել: «Ծնողներիս հետ որևէ տարաձայնություն չեմ ունեցել և կարծում եմ, որ նրանց լսել միշտ պետք է, բայց սեփական ցանկության մասին էլ չպետք է մոռանալ: Կարևոր է ընտրել այն մասնագիտությունը, որով հետո սիրով զբաղվես»,- համոզված է երգչուհին:

 

 

Գարիկ. «Փոշմանել եմ, բայց` մեկ է»

Տուրիզմի ապագա մասնագետ Գարիկը մասնագիտության ընտրության հարցում թեև առաջնորդվել է սեփական նախասիրությամբ, սակայն հետո հումորիստի և հաղորդավարի աշխատանքն ավելի է սիրել: «Նոր մասնագիտություն էր, ես ու իմ դասարանցի մի աղջիկ որոշեցինք նույն բուհն ընդունվել, բայց հետո ես այնքան էլ չխորացա դրա մեջ: Ինձ տուրիզմի մասնագետ չեմ համարում»,- ասաց նա: Գարիկը նաև խոստովանեց, որ ավարտելուց հետո էլ իրեն մասնագետ չի համարելու, որովհետև անհամեմատ շատ ժամանակ հատկացրել է աշխատանքին, քան սովորելուն: Ասաց, որ փոշմանել է ընտրած մասնագիտությունից, սակայն խորհուրդ է տալիս ամեն դեպքում լսել ներքին ձայնը և մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել սեփական նախասիրությամբ:

 

 

Չարենց. «Համատեղեք հաճելին և օգտակարը»

Չարենցը մասնագիտությամբ կոմերսանտ է, ինչպես ինքն է ասում` ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, ավարտել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը: Իր ասելով` դեռ դպրոցական տարիներից երազել է տնտեսագետ դառնալ. հետո դրանով է զբաղվելու: «Ես հիմա էլ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և գնալով դրանք համատեղվում են: Հիմա էլ մաթեմատիկայի իմացությունս որոշ առումով օգնում է պատրաստել ելույթներս: Խոսքս տրամաբանության մասին է»,- պարզաբանում է նա: Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին` մտադիր է զբաղվել սիրած աշխատանքով: «Ես չկողմնորոշվելուն չեմ հավատում, յուրաքանչյուրը ներքուստ գիտի` ինչ ընտրի հաջողության հասնելու համար»,- համոզված է նա:

 

 

Վահագն. «Ձգտեք լինել միշտ առաջինը»

Վահագնը խոստովանում է, որ Կիևի Ավիացիայի համալսարանում սովորել է հոր ցանկությամբ, բայց սովորելուն զուգահեռ միշտ էլ զբաղվել է իր ուզած աշխատանքով: «Մասնագիտությամբ մաքսատան ծառայող եմ: Հայրս երազում էր ինձ օդաչու տեսնել, բայց ո´չ օդաչու դարձա, ո´չ էլ սովորելուց հետո շարունակեցի այդ գործը: Ուսանողական տարիներին էլ ակտիվ մասնակցություն եմ ունեցել «ԽԹԾ»-ի խաղերին: Միշտ իմացել եմ` ինչ եմ ուզում դառնալ»,- շեշտեց հումորիստը: Նա այնքան համոզված է, որ իր կոչումը երգիծանքն է, որ երբևէ չի մտածել այն մասին, թե ինչ է ստացել ուսանողական տարիներին: «Երևի թե մարդկանց հետ շփման շրջանն է մեծացել, և ես հիմա ավելի հեշտ եմ լեզու գտնում մարդկանց հետ, ինչը, իհարկե, շատ կարևոր է աշխատանքում»,- փոքր-ինչ մտածելուց հետո ասաց հումորիստը: Իր կարծիքով, ցանկացած մասնագիտություն ընտրելիս պետք է միշտ մտածել, թե իրականում ինչ ես ուզում դառնալ: «Կարևորը` ընտրեք ձեր սիրած մասնագիտությունը, որտեղ դուք առաջատար կլինեք»,- համոզված է նա:

 

Եթե դու էլ տատանվում ես ապագա մասնագիտության ընտրության հարցում, ապա հետաքրքիր կլինի նաև ծանոթանալ ամերիկացի հոգեբանների կողմից առանձնացված այն մասնագիտությունների տասնյակին, որոնք քսան տարի հետո մեծ պահանջարկ կունենան: Դրանք են`

1 Մեխանիկներ. չէ՞ որ մեկը պետք է նորոգի փչացած մեխանիզմները

2 Տիեզերական գիդեր. այո, արդեն կարիք կառաջանա ոչ թե Երկրի վրա, այլ տիեզերքում ճամփորդելու, իսկ տիեզերքում մոլորվելը շատ հեշտ է

3 Օդաչուներ. չէ, ինչպես երևում է, մարդիկ ապրելու են ավելի շատ օդում, քան երկրի վրա

4 Հանքափորներ. գուցե կստեղծվեն նաև այդչափ խիզախ և հուսահատ ռոբոտներ

5 Քաղաքական գործիչներ. կարծում եմ, սա տաղանդ է, իսկ տաղանդավոր մեքենաներ չեն լինում :)

6 Ոստիկաններ, դերասաններ, քահանաներ, վարսավիրներ և զինվորականներ. այս շարքը կարելի է անվերջ շարունակել, մինչև չստեղծվի նույնչափ կատարյալ ռոբոտ, որքան մարդն է, այնպես չէ՞:

Կարծում եմ` մասնագիտություն ընտրելը ծնվելուց հետո երկրորդ կարևորագույն քայլն է, և եթե ասենք, երազում ես երաժիշտ դառնալ, իսկ հայրիկդ անընդհատ պնդում է, թե բնածին բժիշկ ես, արժի լսել ներքին ձայնիդ և աշխատասիրության շնորհիվ ապացուցել, որ մասնագիտության ընտրությունը քո առաջին և հաստատուն քայլն է կյանքում: Մեր կողմից քեզ մաղթում ենք հաջողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել