Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Հայաստանում իր հանրահայտությամբ գերազանցում է գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակի արժանացած կրկին ամերիկացի Բոբ Դիլանին, հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կողմերը մեկ մյուսին չպետք է մեղադրեն: Դե, ենթադրենք, ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը, մենք չպետք է մեղադրենք նրանց ու պետք է լուռ տեղներս նստենք:
Մյուս կողմից, ինչպես դեռ կնշեն որոշ հայ քաղաքագետներ, Ուորլիքի այս հայտարարությունը շառաչուն ապտակ է Ադրբեջանին, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է Հայաստանին մեղադրում, և փաստորեն, Ուորլիքը հենց Ադրբեջանին է հասցեագրում իր հայտարարությունը: Ինչևէ: Չմանրանանք հայ քաղաքագետների՝ առանց այդ էլ մանր դաշտում: Զուգահեռաբար Ուորլիքի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, նախագահական ընտրությունների քարոզարշավի ակտիվ շրջան է: Այդ շրջանակներում նախագահ Օբաման այսօր հայտարարել է, որ Թրամփին ինքը լուրջ չի վերաբերվում, ըստ Օբամայի՝ Թրամփն անլուրջ մարդ է, և ԱՄՆ-ն չպետք է սխալվի՝ թույլ տալով, որ երկիրը ներկայացնի նման անլուրջ մարդը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը, որը հայտնի է Տերմինատոր կեղծանունով (ԱՄՆ-ում էլ հանրապետականները կեղծանուն ունեն), ասել էր, որ չնայած ինքը հանրապետական է, ինչպես և Թրամփն է հանրապետական, բայց գալիք ընտրություններում ամերիկացիները պետք է մտածեն Ամերիկայի մասին: Չմոռանանք նաև Թրամփ-Քլինթոն արյունոտ բանավեճերը, որտեղ ո՛չ Թրամփն է հաշվի առնում, որ դիմացն ի վերջո կին է՝ տիկին Հիլարիին գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելով, ո՛չ էլ տիկին Հիլարին է հաշվի առնում, որ երեխաներ էլ են իրենց դիտում, քանի որ Թրամփին համարժեք պատասխանում է: Մի խոսքով, եթե ես ամերիկացի լրագրող լինեի, ապա ամերիկյան ընտրությունների մասին մի հոդված կգրեի հետևյալ վերնագրով՝ «Կողմերը պետք է միմյանց չմեղադրեն»: Ապա կավելացնեի, որ Ամերիկան ամբողջ աշխարհի ոչ ժողովրդավարական երկրներում այնքան ժողովրդավարության դաս տվեց, որ փոխարենը նրանք ժողովրդավարական դառնային, ինքը վարակվեց հակաժողովրդավարությամբ: Կհիշեցնեի, որ ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները, քաղաքակիրթ բանավեճը ոչ թե միմյանց քլնգելն է, ինչով բառիս բուն իմաստով այս օրերին զբաղված են տիկին Հիլարին և պարոն Դոնալդը, այլև թեմատիկ բանավեճեր ունենալն է, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի անցնում անձնականի սահմանը՝ կարևորելով և ընդգծելով, որ ինքը հարգում է յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ իր քաղաքական հակառակորդի անձնական կյանքի իրավունքն ու դրա սահմանները: Անպայման կգրեի այդ հոդվածը, եթե ամերիկացի լրագրող լինեի, իսկ քանի որ ամերիկացի չեմ, պարզապես խորհուրդ կտամ պարոն Ջեյմս Ուորլիքին իր այս հայտարարություններով միջնորդել Քլիթոնի և Թրամփի միջև, Ռուսաստանի և իր հարազատ ԱՄՆ-ի միջև կոնկրետ Սիրիայի հարցով, գուցե այդ կողմերը նրան լսեն և միմյանց չմեղադրե՞ն:
Իսկ մե՞նք, մենք պարզապես տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Ամերիկան իրար մեղադրում են, մենք էլ ի՞նչ, փոքր պետություններ ենք, ինչ տեսնում ենք, սովորում ենք: Ինչպես Ամերիկայում են նախագահի թեկնածուները տեսել, թե ինչպես են փոքր պետութուններում անցնում քարոզարշավներն, ու սովորել են:
Հա, պարո՛ն Ուոլիք, իսկ միմյանց չմեղադրելը ինչպե՞ս պետք է լինի՝ փուլայի՞ն տարբերակով, այսինքն՝ աստիճանաբա՞ր, կամաց-կամա՞ց, թե՞ փաթեթային տարբերակով, այսինքն՝ ամբողջը և միանգամից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել