Պետությունը՝ որպես խոշոր ներդրող
Մեկ անգամ չէ, որ խոսվել է տնտեսական ակտիվության մեջ տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևորության մասին: Դրանում մեծ դեր ունի ներդրումային միջավայրի գրավչությունը: Այս և, առհասարակ, ներդրումների հետ կապված մի շարք խնդիրները մեղմացնելու համար ՀՀ կառավարությունը մտադիր է ստեղծել պետական ներդրումային հիմնադրամ, որտեղ հետագայում կներգրավվի նաև մասնավոր հատվածը։
Այս երևույթն իր բնույթով նորություն է մեր երկրում, սակայն ՀՀ-ի առանձնահատկությունների և աշխարհագրական դիրքի պատճառով բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նշել էր գործադիրի ղեկավարը. «Այժմ կառավարությունը պետք է, թեկուզ ժամանակավորապես, իր վրա վերցնի ներդրումային ակտիվության միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը և զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը»:
Իհարկե, դեռ ոչինչ հայտնի չէ հիմնադրամի միջոցների աղբյուրների և կապիտալի մեծության մասին, բայց նման կառույցի ստեղծումը կարող է էական նշանակություն ունենալ նոր ծրագրերի իրականացման համար։ Դա, ըստ էության, պետք է լինի պետության ուղղակի ֆինանսական ներդրումը, որով կառավարությունն իր անմիջական մասնակցությունը կցուցաբերի տնտեսական ծրագրերի իրականացմանը։