Image result for իրանԻԻՀ նախագահի թեկնածու կարող է դառնալ ազգությամբ արաբ քաղաքական գործիչը

Իրանական ցեղերի ընտրական համատեղ շտաբի նախագահ, ազգությամբ քուրդ Մոհամմադ Մոհամմադռեզային պաշտոնապես ներողություն է խնդրել ԻԻՀ այն բոլոր քաղաքացիներից, որոնց 2013թ.-ին ուղղորդել են նախագահական ընտրություններում ընտրել Հասան Ռուհանիին: Շտաբի պետի կարծիքով՝ Ռուհանին չի հետևել իրանական ցեղերի մասով իր խոստացած ծրագրին, որի շնորհիվ, ըստ Մոհամմադռեզայիի, կարողացել էր ստանալ մեծ թվով ձայներ ԻԻՀ մի շարք նահանգներից և ընտրվել նախագահ:

Առաջիկայում սպասվող ընտրություններում, որպես «Ռուհանիի լավագույն այլընտրանք», Մոհամմադռեզային առաջարկել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի թեկնածությունը:

Հատկանշական է այն, որ Ալի Շամխանին Իրանի՝ մասամբ արաբաբնակ Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում է ծնվել և ազգությամբ արաբ է: Իրանի քաղաքական դաշտում Ալի Շամխանին համարվում է արաբական երկրների հետ ԻԻՀ հարաբերությունների համակարգող, և վերջինս հատկապես լավ կապեր ունի Իրաքում և Սիրիայում:

Իրանական ցեղերի ընտրական համատեղ շտաբի նախագահը հայտնել է նաև, որ մոտ օրերս հանդիպելու է Ալի Շամխանիի հետ` քննարկելու նրա թեկնածության հարցը:

Մինչև Ալի Շամխանին ԻԻՀ քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվում էր նաև հայտնի հրամանատար, ԻԻՀ-ում ժողովրդական չափազանց բարձր վարկանիշ ունեցող Ղասեմ Սոլեյմանիի թեկնածության հարցը, սակայն վերջինս հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել ռազմական գործը և մտնել քաղաքականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել