«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Ընդ որում՝ ծնողներն ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի հետ համատեղ բնակվելու դեպքում: Սա նշանակում է, որ իր մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասում ծառայող զինծառայողը, որը հաշվառված է վարձակալած կամ ծառայողական բնակարանում, չի կարող օգտվել վերը նշված իրավունքից:
Խնդիրը լուծելու համար կառավարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և իր առաջիկա՝ հոկտեմբերի 27-ի նիստում լրացում կատարելու առաջարկ անել վերը նշված օրենքում` սահմանելով, որ օրենքի 30.2-րդ հոդվածի իմաստով ընտանիքի անդամ համարվեն նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի` այլ վայրում բնակվող ծնողները:
Կառավարության հավանությունն ստանալուց հետո օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: