Image result for ԱրտահանումՀայաստանի համար կենսական նշանակություն ունի արտահանման ծավալների ավելացումը: Ներքին շուկայի փոքր լինելը ստիպում է բարելավել ներքին արտադրանքն ու դրանք փորձել իրացնել արտաքին շուկաներում:
Այս առումով անելիքներ ունի նաև պետությունը: Վերջին ժամանակներս բավականին թեժ քննարկվում էր կառավարության նոր ծրագիրը: Պետք է նկատել, որ արտահանման ծավալների ավելացման խնդիրը կառավարությունը դիտարկում է առաջնային: Ծրագրում մանրամասն նկարագրված են այն քայլերի հաջորդականությունը, որը պատրաստվում է իրականացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում:

Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները, 2017-ից սկսած ներդնել արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, փուլային կարգով նվազեցնել ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, պարզեցնել գործընթացները, ներդնել արտահանող կառույցների ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմներ, ձևավորել Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտ և բացահայտել ու իրացնել դրանցում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունները: Նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին նախատեսվում է տալ հարկային արտոնություններ և դարձյալ արտոնյալ սակագներով էներգակիրներ:

Կարեն Կարապետյանի խոսքերից պարզ է դառնում, որ առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերության կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման խնդիրը: Միաժամանակ կառավարության ծրագրով նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրությունների շղթաների համար ստեղծվելու է օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայր:

Ընթացիկ և եկող տարվա համար նախատեսված քայլերի իրականացումը ակնկալվում է, որ կխթանի արտահանումը, որն այս պահին, չնայած որոշ ոչ նպաստավոր գործոնների, արդեն իսկ մոտավորապես 20 տոկոս աճ է արձանագրում:
Այս ամենն ինչ արդյունք կտա, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ արտահանման ծավալների ավելացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել