Արհեստական մենաշնորհների արտոնյալ ժամանակների վերջը
Վերջին շրջանում հասարակական շրջանակների կողմից և լրատվամիջոցներում մենաշնորհների վերացման և տնտեսության մեջ ազատ մրցակցության խրախուսման թեմայի քննարկումը նոր թափ է ստացել: Փորձագիտական շրջանակներում տեսակետներ են հնչում, թե ՀՀ տնտեսական զարգացմանը խոչնդոտող հանգամանքներից է տնտեսության առանձին ճյուղերում մենաշնորհների գոյությունը, որն իրենից ենթադրում է առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսության տվյալ ճյուղում գերիշխող դիրքի առկայություն:
Պետք է նշենք, որ շուկայում ստեղծված արհեստական մենաշնորհները խոչնդոտում են շուկայի բնական զարգացմանը և տնտեսության առաջընթացին, ուստի ցանկացած պետութունում կան տարբեր մարմիններ, որոնց խնդիրը մենաշնորհների հետ կապված հարցերի կարգավորումն է: Նրանց նպատակն է շուկայում մրցակցության խրախուսումը, գների նկատմամբ վերահսկողությունը, տարբեր կազմակերպությունների՝ մենաշնորհ ունեցող ընկերությունից կախվածության կանխարգելումը և այլն:
Մեր երկրի տնտեսության բնական զարգացումը ապահովելու գործում լրացուցիչ խթան է շուկայում ազատ մրցակցության խրախուսումը և արհեստական մենաշնորհների վերացումը: Ուստի դրա համար անհրաժեշտ է կիրառել համապատասխան գործիքակազմ և կարգավորել դաշտը: Այս հանգամանքը կարևորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում: Նա նշել է, որ կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարելու է՝ բոլոր տնտեսվարողների համար ստեղծելով խաղի կանոնների հավասար պայմաններ: