Կոռուպցիայի ու մենաշնորհների խնդիրները թերևս Հայաստանի առաջ ծառացած ամենալուրջ ու առանցքային խնդիրներն են: Յուրաքանչյուր քաղաքացու առնչվում են այս խնդիրները և յուրաքանչյուր քաղաքացի նոր կառավարության ձևավորումից ու նոր ծրագրի հաստատումից առաջին հերթին փորձում է ստանալ այդ երկու երևույթների դեմ պայքարի մասին հարցերի պատասխանները:
Այս խնդրին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև լրատվական դաշտի մի խումբ ներկայացուցիչների տված հարցազրույցում: Սովորության համաձայն վարչապետի պատասխանները եղել են հակիրճ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ու սպառիչ:
«Ոնց ենք պայքարելու մոնոպոլիաների դեմ՝ արդար, հավասար պայմաններ ստեղծելով: Ո՞նց ենք պայքարելու կուռուպցիայի դեմ` այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: Օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ: Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը ընտանիքի մեջ, կամպանիայի մեջ, քաղաքում, փողոցում, երկրում՝ դա անարդարությունն է»,- ասել է վարչապետը:
Նրա համոզմամբ` լինելու են ոլորտներ, որտեղ այսպես թե այնպես ժամանակի ընթացքում բիզնես սկսողներից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր:
Այնուհետև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին, մասնավորապես նշելով. «Պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և որոշում կայացնելը դարձնենք ավելի թափանցիկ, հանրության համար հասկանալի, եթե փաստեր լինելու են՝ պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք»:
Լրագրողի ճշտող հարցին, թե` ամեն մարդ այսօր կարո՞ղ է ցանկացած ապրանք ներկրել, վարչապետը պատասխանել է. «Առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»: