Ներդրումային դաշտի որակն, անշուշտ, ցանկացած երկրի մասին կարծիք ստեղծող չափանիշներից է: ՀՀ-ում այս ոլորտում անելիքների պակաս չկա: Սրա մասին է խոսել նաև վարչապետն այսօր հրապարակված հարցազրույցի ընթացքում:
«Մենք ապահովելու ենք փոխադարձ կապ՝ ի դեմս մեր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, որը, կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի օմբուցմենը, պաշտպանը, հաշտարարը, որ կամայական բիզնեսմեն, երբ որ հանդիպում է որևիցե խոչընդոտի, գնում է այդ նախարարություն և նախարարը ձեռքից բռնած՝ փորձում է հասկանալ», - մասնավորապես ասել է վարչապետը:
Սփյուռքահայերի համար ներդրումային դաշտի առողջացման հարցին ի պատասխան` վարչապետն ասել է, որ խաղի կանոնները հավասար են լինելու բոլորի համար` թե’ սփյուռքահայերի, թե’ չինացիներրի, թե՛ երրորդների:
Ինչ խոսք, վարչապետի կտրուկ ու ինքնավստահ կեցվածքը, հույս է ներշնչում: Մեր հանրությունը փոփոխությունների է սպասում: Նույնիսկ ամենագեղեցիկ խոսքերը չեն կարող փոխարինել փոքրիկ, բայց գործնականում տեսանելի արդյունքին: Ժամանակից առաջ չընկնենք ու սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը: