Նորանշանակ վարչապետը ինչ-որ քայլեր է անում 25 տարի մինչև հիմքերը քանդած երկիրը վերանորոգելու համար, համենայն դեպս ես ուզում եմ հավատալ, որ էդպես է, տեսնում եմ իմ կարծիքով ճիշտ մոտեցումներ, լսում եմ ինձ համար պարզ ու հասկանալի առաջարկներ ու տեսնում ինձ համար իրագործելի ծրագրեր, որ տարբերվում են մինչ հիմա լսածս փուչ ու վիրավորելու աստիճանի ցինիկ հայտարարություններից: Մենք ի՞նչ ենք անում որպես ՀՀ քաղաքացիներ... Ճիշտ է, «քլնգում» ենք` «բա որ ինքը լավ վարչապետա, ինչի՞ ինքը իմ հորեղբոր տղու նման ոսկի մարդուն չի դնում մինիստր...» մակարդակի: Եթե ես ընդդիմադիր եմ ու որոշել եմ, որ մեր ընդդիմության լիդեր Բայանդուր Բայանդուրյանը միայն կարող է փրկել երկիրը, ապա եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն՝ երկիրը գնդաձև չէ, քառակուսի ու վերջ... Հաճախ եմ լսում «բա մինչև հիմա ի՞նչ ա արել...» արտահայտությունը։ 25 տարի քանդել են, 25 օրում սարքել կլինի՞։ Եկեք էս մարդուն ժամանակ տանք, մի բան էլ կողքից ձեռք գցենք օգնության, որպես քաղաքացի տեսնենք միգուցե ստացվումա, թե չստացվի մի քլունգ էլ ինձ տվեք հետո, բայց դե ես կարծում եմ՝ միայն ամեն ինչից ու բոլորից բողոքելով ու դիմացը միայն պահանջելով, որ Ալոյին հանեն ու ձեր իմացած Բլոյին դնեն-ով հարցեր չեն լուծվում: Մի անգամ հիշում եմ՝ մի կին գրել էր «դե որ Արշակ Զաքարյանը արդար մարդ լիներ, իմ քրոջ տղուն գոնե մի անգամ նկարած կլիներ, էս արդեն 10 ամիսա երեխեն ծառայումա, մի անգամ իրան չի նկարել»... Այսինքն՝ ամեն մեկս ուզում ենք, որ կոնկրետ մեր «հարցը լուծվի», ու եթե չէ, ուրեմն՝ սուտ է, արդարություն չկա: Եկեք չմոռանանք, որ երկիրը կառավարող սիստեմը չի փոխվել, ոչ էլ իշխող կուսակցությունը կամ օրենսդիրը։ Մածունը թթվասերին խառնած տվել ենք, ասում ենք՝ դե բաժանի իրարից... Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պատրաստվում եմ իմ ազնիվ աշխատելով, օրենքին հետևելով ու լավին լավ ասելով, վատին էլ վատ ասելով, օգնեմ, ինչ-որ տեղ իրագործելի ու հավանական առաջարկ անելով կամ տո հենց գոնե մարդուն ժամանակ տալով, եթե ձեռքիցս ուրիշ ոչինչ չի գալիս, բայց դե եթե մեր փողոցը դեռ չեն ասֆալտել ու ասեմ՝ վե՛րջ, ուրեմն՝ էս էլ մարդ չի, կնշանակի էդպես փոսերի միջով գերեզման գնալ առանց հույսի ու հավատի: Նույնը նորանշանակ նախարարների հարցում, շատերին, ինչպես որ վարչապետին, չեմ ճանաչում, ոմանց էլ իրենց նախկին գործերով ճանաչում եմ լավ կողմից, հիմա ի՞նչ անեմ, չհավատա՞մ, որ միգուցե լավ աշխատեն, շանս չտա՞մ, ինչ է թե, ասենք, նախկին նախարարը ինձ գոհացրել է... Մարդուն պետք է վստահել, տեսնել՝ միգուցե աշխատում է, բոլորի ոտքից քաշելով՝ ինքներս էլ ենք մնում փոսի մեջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: