Առհասարակ, պաշտոնյաների ծրագրային ելույթները հանրության շրջանում բավարար ուշադրության ու մանրազնին ուսումնասիրության չեն ենթարկվում։ Դա նեղ մասնագիտական, գուցե նաև քաղաքական շրջանակների ուսումնասիրելիքն է։ Թե ինչ սահմաններում, ինչ պայմաններով է փորձելու Կարեն Կարապետյանը տնտեսությունը կարգի բերել, մարդկանց, թույլ տվեք ասել, այդքան էլ չի հետաքրքրում։ Մարդիկ հոգնել են կեղծ խոսքերից, նրանց գործ է պետք։
Փաստացի՝ այսօր Հայաստանի քաղաքական կյանքը պտտվում է հենց էս մարդու շուրջ։ Սերժ Սարգսյանը իրեն հատուկ շրջահայացությամբ քաշվել է մի կողմ, գրեթե չի շրջանառվում նրա անունը մամուլում՝ բացառությամբ պաշտոնական հանդիպումների, իսկ նրան «աբռաշատ» լինող արտոնյալների՝ Կարապետյանից դժգոհ զանգերն ու դիմումները թողնում է անպատասխան հետևյալ պատասխանով․ «Ես կապ չունեմ, բոլոր հարցերը՝ Կարապետյանին»։
Չի կարելի ասել՝ վարչապետը այս մասին գլխի չէր ընկել Հայաստան գալով, բայց նաև հստակ է, որ դեկորատիվ դեր կատարելու համար երկրորդ անգամ Հայաստան չէր գա։ Չի բացառվում, որ բազմաթիվ թելերով Կարապետյանի թիրախներին կապված Սերժ Սարգսյանն իսկապես ասել է՝ կարող ես, արա։ Մոտակա ամիսները ինֆորմացիոն առումով միգուցե լավագույնը չլինեն, սակայն քաղաքական բիոռիթմերի տեսանկյունից երևի ամենաինտրիգայինն են լինելու Հայաստանի կյանքում։ Մենակով ամբողջ համակարգի դեմ Կարապետյանը դուրս չէր գա, հետևաբար վարչապետի թիկունքը ներսում պահող կա։ Այլ հարց է՝ ինչքան կհերիքեն այդ մարդու նյարդերն ու քաղաքական կամքը։ Կա նաև հարակից քաղաքական ուժերի ոչ ֆորմալ աջակցություն, ընդ որում՝ նաև ընդդիմությունից։ Մոտակա ամիսներին Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ ստվերում՝ կողքից հետևելով զարգացումներին։ Նա կսպասի, որպեսզի տեսնի, թե ի վերջո կշեռքը ում կողմն է թեքվում։ Եթե կհաջողի վարչապետը, Սարգսյանն առավել, քան երբևէ իշխանության լեգիտիմ վերարտադրության հարցը կլուծի, չի անի, մեզ բոլորիս սպասվում է «horrible winter»՝ զուգորդված քաղաքական ամենաանդուր դեպրեսիայով։