Հայաստանը այն երկրներից է, որի տնտեսության մեջ ներկրման ցուցանիշը ավելի բարձր է, քան արտահանումը: Հայաստանը չի օգտվում արտահանման ուղղությամբ ունեցած իր բոլոր հնարավորություններից: Արտահանման խթանումը իրողություն դարձնելու համար նախ անհրաժեշտ է տնտեսվարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացնել:
Նոր կառավարության ծրագրով նախանշվում են այն ուղղությունները, որոնցով էլ պետք է տարվի արտահանումը խթանելու քաղաքականությունը: Այս համատեքստում հատկապես կարևոր է արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցումը և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը:
Պետք է նաև նկատել, որ կառավարությունը ծրագրում արտահանումը խթանելու նպատակով նախանշված նպատակներին կարող է հասնել այն դեպքում, երբ երկրում հիմնվեն նոր արտադրություններ և ընդլայնվեն արտադրության համար առկա հնարավորությունները: