Յուրաքանչյուր երկրի զարգացումը և առաջընթացը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության հարցը: Պետական կառավարման համակարգը պետության միասնական օրգանիզմի կազմում կատարում է ղեկի դերը, և երկիրը հայտնվում է այնտեղ, ուր որ տանում է պետական կառավարման մարմինների աշխատանքը:
Հայաստանը ներկայումս գտնվում է տնտեսապես ծանր պայմաններում, որը թե՛ ներքին և թե՛ արտաքին բացասական ազդակների հետևանք է: Հայաստանի տնտեսական առաջընթացի դանդաղեցումը կապված է պետական կառավարման համակարգի ոչ այնքան արդյունավետ աշխատանքի հետ: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում կառավարման համակարգում դրվել են տարբեր խնդիրներ, որոնց կենսագործման համար ստեղծվել են առանձին հաստատություններ, սակայն ժամանակի համընթաց առաջադրված խնդիրները փոխվել են, իսկ ստեղծված կառույցները չեն համապատասխանեցվել ժամանակի պահանջներին, և պետական համակարգը ուռճացված տեսք է ստացել:
Ժամանակակից աշխարհը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով, և կառավարման հին մեթոդները և գործիքները մշտապես փոխելու և արդիականացնելու անհրաժեշտություն է առաջանում: Սրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել համակարգի միավորներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների ծախսման էֆեկտիվությունը: Խնդիրն այն է, որ ներկայումս բազմաթիվ հիմնարկների, այդ թվում՝ որոշ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների գործունեությունը ուղղակի բեռ է դարձել պետության համար, քանի որ նրանք այլև խնդիր չեն լուծում:
Այդ հիմնարկների համար հատկացվող գումարները կարելի է օգտագործել ավելի թիրախային ձևով և այնտեղ աշխատողների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք գործեն այն ճյուղերում, որտեղ նրանց աշխատանքը կունենա օգտակարության գործակից: Ավելին, պետական վարչարարությունը իրականացվում է բարդացված ընթացակարգերով, այնինչ կարելի է հեշտացված ընթացակարգեր մշակել, որպեսզի հանրության և տնտեսվարողներին հուզող խնդիրները հնարավորինս կարճ ժամկետում և պակաս ռեսուրսներ ծախսելու արդյունքում լուծումներ ստանան:
Ինչպես տեսնում ենք, ՀՀ պետական կառավարման համակարգի առջև ծառացած է լուրջ բարեփոխման խնդիր, որը լուծելու նպատակով կառավարության ծրագրի մեջ ընդգրկվել են համապատասխան դրույթներ: Թե ինչ արդյունք կունենան նախատեսվող օպտիմալացումը և բարեփոխումները, կախված է գործողությունների վճռականությունից: