Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո հասարակությունը սպասում է լուրջ բարեփոխումների: Նոր Կառավարության ծրագրում նշվում է, որ գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Տնտեսական իրավիճակի վերլուծությունը ևս բերել է այն համոզմունքին, որ ստանդարտ մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է:
Կառավարության փոփոխությունից հետո պարբերաբար խոսակցություններ են լինում գազի և էլէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրում:
ՀՀ-ի առաջնային խնդիրներից մեկը՝ Գյումրու անօթևանների հարցը ևս ուշադրությունից դուրս չի մնացել: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է շարունակել երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել 2017 թվականին:
Այսպիսով, ՀՀ 14-րդ կառավարությունը «ոչ ստանդարտ» մեթոդներով ու գործիքակազմով փորձելու է լուծում տալ մի շարք ռազմավարական խնդիրների՝ սկսելով ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումից մինչև կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար, ինչպես նաև խավի ընդլայնում, գործազրկության կրճատում ու սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։