Aysor.am-ը գրում է.
«Իսլամական պետության» զինյալները Մոսուլի բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան» և նրանց թույլ չեն տալիս լքել քաղաքը, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ ջիհադականները բնակիչներին քաղաքում են պահում «նրանց կամքին հակառակ»:
«Վերջին մեկ օրվա ընթացքում մենք ոչ մի փոփոխություն չենք տեսել, և մարդիկ չեն լքել քաղաքը ու չեն փախել այնտեղից: Մենք հաստատ գիտենք, որ նրանք որպես կենդանի վահան են օգտագործվում»,-ասել է Դևիսը և հավելել, որ զինյալները փորձում են խանգարել օդային հարվածներին:
Նա հայտնել է, որ ջիհադականները հրկիզել են նավթահորերը և ավտոմոբիլային անվադողեր, որպեսզի թանձր ծխի պատճառով հնարավոր չլինի հայտնաբերել նրանց դիրքերը և հետևել տեղաշարժերին:
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը հումանիտար հետևանքներ կունենա այդ քաղաքում ու նրա արվարձաններում ապրող մինչև 1,2 մլն մարդու համար:
Տեղեկություններ, թե որքան մարդ է գտնվում քաղաքում, չկան:



