Իլհամ Ալիևը խոսել է ղարաբաղյան կարգավորման իր տարբերակի մասին ռուսական հեռուստաընկերությունների հետ զրույցում։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները մշտապես եղել են իր երկրի վարած քաղաքականության հիմքում և ցավ է հայտնել, որ դեռ բոլոր հարևանների հետ չէ, որ կարգավորվել են հարաբերությունները (ակնարկում է Հայաստանը): Այնուհետև Ալիևը նշել է, որ եթե Ղարաբաղյան առաջին գոյամարտի տարիներին երկիրը կառավարեր իր հայրը, հարցն այսքան երկար չէր ձգձգվի։ Դե ինչ, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Աստծուն կամ երկրային ուժերին ու այդ ժամանակվա քաղաքական էլիտաներին, որ Ղարաբաղյան գոյամարտի տարիներն ավարտվեցին Հայաստանի հաղթանակով, ու Հեյդար Ալիևը այդ ժամանակ չէր գտնվում իշխանության մեջ։ Մի խոսքով՝ փառք ու պատիվ Էլչիբեյին։
Իսկ հիմա ավելի լուրջ։ Ավելորդ անգամ չարժեր անդրադառնալ Ալիևի քաղաքագիտական մտքերի տիտանական փայլատակումներին, եթե նա իր խոսքի մեջ չխոսեր ԼՂՀ կարգավորման իր մոտեցումների, իսկ ավելի կոնկրետ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ալիևը նշում է, որ Ադրբեջանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով ինքնավարություն տալ Ղարաբաղին, որից հետո այնտեղ կսկսեն ներդրումներ կատարել ադրբեջանական ներդրողները, կհստակեցվեն սահմանները, որից հետո արդեն կսկսվեն բանակցություններ Ղարաբաղը ինքնավար հանրապետություն հռչակելու մասով։ Սա, ինչպես ասում են, հարևան երկրի նախագահի պատկերացումն է խնդրի կարգավորման վերաբերյալ, և «ինքնավար հանրապետություն» եզրույթը դիտվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Բնականաբար, Ալիևը ոչ մի դեպքում Ադրբեջանի համար կենաց-մահու հարց դարձած Ղարաբաղը չի դիտարկի անկախ ձևով։ Դա Ալիևը բացառում է։ Սակայն երևի թե մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արդեն իսկ իր որոշումը կայացրել է և հռչակել իր անկախությունը 1991 թվականին։ Հաշվի առնելով, թե ինչպիսի տեմպերով է զինվում այս երկիրը, թե ինչպիսի հսկայական միջոցներ են ծախսվում երկրի ռազմական բյուջեն ամրապնդելու համար, ապա կարելի է եզրակացնել, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ընդամենը դատարկ խոսքեր են, որովհետև այդ Հայաստանը չէ առավոտից իրիկուն իր ամբողջ քարոզչամեքենայով պատերազմական կոչեր հնչեցնում, այլ Ադրբեջանը։ Եվ հետո վերջինս սրբի դեմքով խոսում է խաղաղությունից։ Ուստի հայկական կողմը պետք է գիտակցի, որ այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանը ոչ մի հետևություն չի արել, իսկ այսպիսի հռետորաբանությունը նշանակում է, որ ուշ թե շուտ նորից վերսկսվելու են ռազմական գործողությունները, քանի որ դժվար թե բանակցություններով ինչ-որ բան փոխվի։ Ադրբեջանը չի հրաժարվում իր տեսակետից, բնական է, որ Հայաստանն էլ չի հրաժարվելու։ Ավելի իրատեսական է դառնում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը և այս անգամ այն ունենալու է վճռական ազդեցություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել