Քաղաքական  մեկնաբան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել»։
Նկատելի է, որ Հրանտ Բագրատյանը ստեղծված իրավիճակում առաջնորդվում է սառը դատողությամբ, սակայն մյուս կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ուղղակի և անուղղակ ձևով խոսել էր այս մասին, ուրիշ բան, որ ժամանակի ընթացքում, որոշակի գործընթացների արդյունքում, Րաֆֆին մի փոքր շեղվեց նախապես հայտարարված ուղուց: Սակայն դա ոչ այդքան անհետևողականության, որքան իրավիճակային զարգացումների արդյունք էր, քանի որ դժվար է հանրահավաքին ներկա «բողոքական զանգվածի» մոտ խոսել Սերժ Սարգսյանի հետ երկխոսության մասին: Չէ՞ որ նրան ձայն տված ու Ազատության հրապարակ եկած քաղաքացիների ակնկալիքները լրիվ այլ են:
Րաֆֆին, կարծես, դեռ վերջնական որոշում չի կայացրել իր անելիքների հարցում (հաղթանակի ու պայքարի մասին կոչերը դեռ միս ու արյուն չեն ստացել), սակայն չեմ կարծում, որ երկխոսության կամուրջներն այրված են: Ընտրական պրոցեսներից հետո, որպես կանոն, քաղաքացիների մի մասի մոտ հիասթափության շրջափուլ է լինում, և այդ փուլում դժվար է այդ զանգվածին առանց էմոցիոնալ հայտարարություններիի հրապարակում պահել: Սակայն այստեղ նրբություն կա. միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանի համար անսպասելի էր, սակայն երեկ նախագահի մամուլի խոսնակը, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի՝ Ս. Սարգսյանին ուղղված հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկին, ըստ էության ասել էր, որ նախագահը պատրաստ է հանդիպման: 
Իհարկե Րաֆֆին ավելի ուշ հայտարարեց, թե այդ հանդիպումը պետք է կայանա Ազատության հրապարակում, սակայն հասկանալի է, որ դա ավելի շատ Ազատության հրապարակին ուղղված մեսիջ էր, քան նախագահին ուղղված արձագանք: 
Համենայն դեպս, պետք է փաստենք, որ չնայած նախաձեռնությունը Ր. Հովհաննիսյանինն է, սակայն ստեղծված իրավիճակում «գնդակը շարունակում է մնալ Րաֆֆու դաշտում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել