► Ես նույնպես ծիծաղում էի՝ նայելով, թե ինչպես է սուրում ոչխարը՝ մարդկանցից փրկվելու սարսափով բռնված. Դա ինձ չափազանց տարօրինակ էր թվում, բայց երբ ոչխարին բռնեցին ու տարան սպանդանոց, ես հանկարծ ըմբռնեցի կատարվածի իմաստը և հեկեկալով վազեցի տուն՝ մայրիկիս մոտ: «Նրանք կսպանեն նրան, հիմա կսպանեն»,- ճչում էի ես արցունք թափելով: Այդ խաղաղ գարնանային երեկոն և ծիծաղելի հալածանքը երկար մնացին հիշողությանս մեջ: Մերթընդմերթ մտքովս անցնում է, թե այդ դիպվածը ինչ-որ չափով կանխորոշել է իմ ապագա կինոնկարների բնույթը, որը միացնում է ողբերգականը կատակերգականի հետ:
► Ես ատում եմ հրաժեշտները: Ինչ էլ որ մարդ զգալու լինի մոտիկներից անջատվելիս, հրաժեշտի այդ վայրկյանները միայն ավելացնում են տառապանքը:
► Ինչպես միշտ, ես ապրում էի միայնակ: Դա ուներ և իր առավելությունը, քանի որ հնարավորություն էր տալիս զբաղվելու ինքնակրթությամբ, մի բան, որի մասին վաղուց մտածում էի, չնայած ոչ մի կերպ չէի կարողանում անցնել գործնականի:
► – Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջացնի, բայց ես նայում եմ ձեզ, և լացս գալիս է: Նա հաստատեց այն, ինչը ես վաղուց զգացել էի. ես ձեռք էի բերել ոչ միայն ծիծաղեցնելու, այլև լացեցնելու հատկություն:
► Չլինի՞, թե այդ փառքի մեջ կար ինչ-որ անիրական բան: Ինձ միշտ թվացել էր, որ ես երջանիկ կլինեմ՝ մեծարվելով հասարակությունից, և ահա այդ բանը եղավ, իսկ ես, որքան էլ որ դա անիմաստ է թվում ինձ, զգում եմ բոլորից կտրված և ավելի միայնակ, քան առաջ:
► Ինչպե՞ս ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, բոլորը քեզ գիտեն, իսկ դու ոչ ոքի չես ճանաչում: Եվ ես խղճացի ինքս ինձ. հոգիս լցվեց թախիծով: Հիշեցի՝ ինչպես մի անգամ Կիսթոունյան մի կոմիկ, որ հասել էր մեծ հաջողության, ասաց ինձ. «Է՛, ո՞նց ես, Չարլի, այժմ, երբ մենք հասել ենք սրան, ասա ի՞նչ արժե այս ամենը»: «Իսկ ի՞նչի ենք հասել մենք»,- իմ հերթին հարցրի ես:
► Պատահական ծանոթները միշտ պատրաստ էին առաջարկելու ինձ ջերմ բարեկամություն և կիսելու ինձ հետ կյանքի բոլոր ծանրությունները և տագնապները որպես ամենամոտիկ ազգականներ: Դա անչափ շոյիչ էր, բայց ինձ դուր չէր գալիս: Բարեկամները, ինչպես և երաժշտությունը, ինձ պետք էին միայն որոշակի տրամադրության մեջ: Ճիշտ է, այդպիսի ազատության համար հարկ էր լինում երբեմն վճարել միայնակությամբ:
► Ես չեմ սկսի մխրճվել պսիխոանալիզի թավուտները, որպեսզի բացահայտեմ մարդու վարքը, որ անըմբռնելի է, ինչպես ինքը՝ կյանքը: Ինձ թվում է, մեր մտածողությունը պայմանավորվում է ոչ այնքան սեռական բնույթի մոմենտներով և մանկական տպավորություններով, որքան ատավիստական ծագման պատճառներով. համենայն դեպս, ես հարկ չեմ ունեցել գրքեր կարդալու, որպեսզի հասկանամ, որ կյանքի հիմքում ընկած են հակասություններն ու տառապանքը:
► Ինձ հաճախ հարց են տալիս՝ ինչպես ծնվեց այս կամ այն ֆիլմի մտահղացումը: Ես հիմա էլ չեմ կարող սպառիչ պատասխանել այդ հարցին: Տարիների հետո ես հասկացա, որ գաղափարները գալիս են, երբ նրանց կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ՝ պատրաստ արձանագրելու յուրաքանչյուր ցնցում, որն արթնացնում է երևակայությունը: Այդ ժամանակ և՛ երաժշտությունը, և՛ մայրամուտը քեզ կարող են հուշել որևէ գաղափար:
► Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը:
► «Ես բարձր եմ գնահատում և փառաբանում այն գրողին, որը մարդկանց մասին ասում է ճշմարտությունը…արցունքն աչքերին: Պասկալ»: (հատված՝ Պասկալի նամակը Չապլինին)
► Բանականությունը զգացմունքի լիակատար բացակայության հետ կարող է բնորոշ լինել երդվյալ հանցագործին, իսկ զգացմունք առանց բանականության կարող է ունենալ և անմեղ տխմարը: Միայն այն դեպքում, երբ բանականությունն ու զգացմունքը լիակատար ներդաշնակվում են, մենք գործ ունենք մեծ դերասանի հետ:
► Հակառակ Ֆրեյդի՝ ես չեմ հավատում, որ սեռական կիրքը վճռական գործոն է մարդու վարմունքների համակարգում: Ես կարծում եմ՝ ցուրտը, քաղցը և աղքատության ամոթը շատ ավելի խորապես են որոշում նրա հոգեբանությունը:
► Հումորի հիմքում ընկած է «տառապանքը»: Այն մեզ օգնում է անարտահայտելին տեսնել այնտեղ, ինչը թվում է արտահայտելի, և աննշանն այնտեղ, ինչը թվում է նշանակալի: Հումորը բարձրացնում է մեր կենսունակությունը և օգնում պահպանելու առողջ բանականությունը: Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տանում բախտի հեղհեղուկությունը: Այն օգնում է մեզ հասկանալու իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին:
► Ես սիրում եմ ընկերներ, ինչպես և երաժշտությունը, երբ լավ տրամադրության մեջ եմ: Դժվար չէ օգնել ընկերոջը, երբ կարիքի մեջ է, բայց ոչ միշտ կարելի է զոհաբերել նրան քո ժամանակը:
► Ես այն եմ, ինչ որ կամ, միակը իմ ծնունդով և անկրկնելի մի անձնավորություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքների և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների և կենսափորձի:
► Հարստությունն ու փառքը սովորեցրին ինձ աշխարհը տեսնել իսկական լույսով, օգնեցին ինձ գիտենալ, որ նշանավոր մարդիկ՝ յուրաքանչյուրը իր տեսակի մեջ, մոտիկից նույնքան անկատարյալ են, ինչպես և մենք բոլորս: Հարստությունը և փառքը ինձ սովորեցրին արհամարհել առավելության այնպիսի նշաններ, ինչպիսիք են զինվորական շքազգեստը, թանկագին ձեռնափայտը կամ ձիավորի մտրակը, որովհետև ովքեր զարմացնում են դրանցով, սովորական պճնամոլներ են. հարստությունն ու փառքը օգնեցին ինձ հասկանալ, որ մարդու արժանապատվությունն ու խելքը ամենևին էլ չեն որոշվում օքսֆորդյան ծագումով․ չէ՞ որ այդ առասպելը ինչ-որ չափով կաթվածահար արեց Անգլիայի միջին դասակարգը, և որ մարդու բանականությունը անպայման չէ, որ հանդիսանում է պտուղը կրթության կամ դասականների հետ ծանոթության:
► Որքան ծերանում եմ, այնքան ավելի է ինձ զբաղեցնում հավատի հարցը: Մենք ավելի ենք ապրում հավատով, քան այդ մեզ թվում է, և նրանից ավելի շատ ենք ստանում, քան պատկերացնում ենք: Հավատից են, իմ կարծիքով, ծնվում մեր բոլոր գաղափարները: Առանց հավատի երբեք չէին ծագի նոր հիպոթեզներ և տեսություններ, չէին զարգանա բնական գիտություններն ու մաթեմատիկան: Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Նա բանալին է, որ երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը՝ նշանակում է հերքել ինքդ քեզ, և քո մեջ այն ոգին, որը մղում է տալիս մեր ստեղծագործ ուժին:
► Երբ մարդ հիասթափության մեջ է, և նրա վրա են թափվում այդքան անախորժություններ, իսկ նա այնուհանդերձ չի ընկճվում, նրան մխիթարում է կա՛մ փիլիսոփայությունը, կա՛մ հումորի զգացումը:
► – Փախչելն անօգուտ է, պատասխանատվությունը միշտ վերահասու է մեզ,- ասացի ես:- Կյանքը միայն ցանկությունների դրսևորում է, ոչ ոք երբեք չի հասնում դրանց բավարարմանը: Այդ պատճառով էլ անխոհեմաբար մի՛ արեք այն, որի համար հետո պիտի զղջաք ողջ կյանքում:
► Որքան էլ հակասական թվա, կատակերգություն ստեղծելու ընթացքում ծիծաղելին ծնվում է ողբերգականից, և դա հավանաբար այն պատճառով, որ ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք՝ գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ… Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք…
► Բարեկամներս երբեմն հարց են տալիս, թե ինչով եմ ես շահել ամերիկացիների այդպիսի թշնամությունը: Իմ ամենամեծ մեղքը եղել և մնում է այն, որ ես միշտ և ամեն ինչում նախընտրել եմ ապավինել իմ սեփական կարծիքին: Չնայած, որ կոմունիստ էլ չեմ, հրաժարվել եմ համերաշխվել այն մարդկանց հետ, ովքեր ատել են ինձ:
► Մարդու բնության մեջ կան պաշտպանական ինչ-որ հատկություններ, որոնք մոռացնել են տալիս և՛ ատելություն, և՛ ամեն տեսակ անախորժություն:
► Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն խոշոր պլանով, և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից:
► Ես ատում էի իմ թուլությունը, ինձ կատաղեցնում էր իմ մեջ կամքի բացակայությունը: Իմ զգացմունքները շատ հակասական էին: Ես և՛ սիրում, և՛ ատում էի նրան:
► Եթե ցանկանում եք հասկանալ ինձ, դիտե՛ք իմ ֆիլմերը:
► Սպանելով մեկ անգամ` մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ` նա դառնում է հերոս:
► Եվ ահա իմ կյանքի ոդիսականը մոտենում է վախճանին: Ես հասկանում եմ, որ ժամանակը և հանգամանքները բարենպաստ եղան ինձ համար: Ինձ բաժին ընկավ աշխարհի սիրելին լինելու պատիվը, ինձ և՛ սիրեցին, և՛ ատեցին: Այո՛, աշխարհը ինձ տվեց իր ամեն լավագույնը և միայն մի փոքր՝ ամենից վատը: Ինչպիսի փոփոխություններ էլ որ կրել է իմ ճակատագիրը, ես հավատում եմ, որ երջանկությունն էլ, դժբախտությունն էլ, ինչպես ամպերը երկնքում, բերում է պատահական քամին: Եվ, իմանալով այդ, ես չեմ հուսահատվում, երբ վրա է հասնում դժբախտությունը, բայց դրա փոխարեն ուրախանում եմ երջանկությունից, որպես հաճելի անակնկալից: Ես կյանքի որոշակի ծրագիր չունեմ, չունեմ և իմ փիլիսոփայությունը, մեզ բոլորիս՝ և՛ գիտուններիս, և՛ հիմարներիս վիճակված է պայքարել կյանքի հետ: Ես լինում եմ նաև անհետևողական. մանրուքը երբեմն իմ մեջ առաջ է բերում ջղայնություն, իսկ աղետին մնում է անտարբեր: