Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս. Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։ Իմ այս կոչը ոչ ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա, և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.bagratyan/posts/495691237155066
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել