Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում շատ ավելի լուրջ քաղաքագիտական դիսկուրսներ է ներարկել Հայաստանի քաղաքական դաշտ, որոնք նույնպես պակաս կարևոր ցուցիչներ չեն եղել երկրի առաջ կայացած մարտահրավերների հարցում, սակայն նրանք չեն արժանացել այնպիսի քննարկման, ինչպես երեկվա հայտարարությունը։ Մեծ հաշվով՝ դա ընդամենը ռեպլիկ էր առանց որևէ լուրջ հիմնավորման, թեպետ Տեր-Պետրոսյանի համար որևէ բարդություն չէր ներկայացնում իրեն հատուկ ակադեմիական հայերենով լուրջ վերլուծություն կատարել Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ Վերջին ժամանակներս ՀՀ առաջին նախագահը աչքի էր ընկնում գործող իշխանության և հատկապես Սերժ Սարգսյանի օգտին ուղղված հայտարարություններով, սակայն երեկվա հայտարարությունն այնքան իրարանցում առաջացրեց հանրության շրջանում, որ դրան արձագանքեց նույնիսկ Կենտրոնական բանկը՝ բնականաբար հակադարձելով Տեր-Պետրոսյանին։ Սա նորմալ է իհարկե, բա հո չէի՞ն ազդարարելու Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրախը։
Խնդիրը, սակայն, ուրիշ է։ Տնտեսությունը յուրաքանչյուր պետության կայունության, մրցունակության և վերջապես գոյատևման ամենագլխավոր բաղադրիչն է։ Քաղաքական համակարգի վերաբերյալ դիսկուրսը իշխանությունները շատ հաճախ կարողացել են քարոզչական հզոր մեթոդների ազդեցությամբ չեզոքացնել, լղոզել ու ծվատել, իսկ բուն բանավեճը, որը տարբեր առիթներով Տեր-Պետրոսյանը փորձել է առաջ բերել, ընդունվել է ի գիտություն, սակայն բարձրաձայն ոչ մեկ դրա մասին չի խոսել։ Եվ եթե այս հարցին դադարենք նայել գառնիկիսագուլյանական կամ Տեր-Պետրոսյանի բարդույթով տառապող նախկին դաշնակցի աչքերով, ապա ակներև է դառնում մի պարզ ճշմարտություն․ այո՛, դեֆոլտի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն դրա վերաբերյալ արձագանքները ստիպում են մտածել, որ, միգուցե, այն սարերի հետևում չէ։ Ինձ էլ ինչ կտաք, կտաք։