Հոկտեմբերի 13-16-ը կկայանա «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնը, որը ներկայացնում են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունը։ Փառատոնի հեդլայներ, ջազի դեսպան համարվող աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց, որ միշտ ցանկացել է գալ Հայաստան։

«Շատ ուրախ եմ, որ, ի վերջո, եկա Հայաստան։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և մասնակցել փառատոնին։ Երբ 1968 թվականին առաջին անգամ եկա ԽՍՀՄ, լսեցի հայերի մասին։ Այդ ժամանակվանից ցանկություն ունեի գալու Հայաստան։ Այնուհետև գնացի Ֆրանսիա և աշխատեցի Շառլ Ազնավուրի հետ, նաև կատարել եմ նրա երգերից մեկը։ Երբ Ռեյ Չարլզի հետ զուգերգ պիտի կատարեի, պետք է երաժիշտների թիմ հավաքեի։ Այդ ժամանակ հանդիպեցի Պատրիկ Մանուկյանին, ով հիանալի երաժիշտ է»,- ասաց աշխարհահռչակ երգչուհին ու հավելեց, որ Պատրիկ Մանուկյանի հետ հաճախ էին երկար զրուցում։ «Նա պատմում էր Հայոց ցեղասպանության մասին։ Ինչ-որ պահի այդ ցավը դարձել էր նաև իմը։ Երբ առաջարկ եղավ գալու Հայաստան, ես շատ ոգևորվեցի և ասացի՝ անշուշտ»,- նշեց նա։

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փառատոնի բացումը կանի Դի Դի Բրիջուոթերը։ Կազմակերպիչները նշում են, որ փառատոնն իր ծավալով և հնչեղությամբ գերազանցում է նախորդ տարվանը: Այս տարի «Yerevan Jazz Fest»-ը նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին, ով եղել է Լուի Արմսթրոնգի, Մայլզ Դևիսի և Կիտ Ջարետի պրոդյուսերը: Բրիջուոթերը խոստովանեց, որ ծանոթ չէ նրա գործունեությանը։ Հայկական ջազի մասին էլ քիչ բան գիտի, ծանոթ է միայն Տիգրան Համասյանի արվեստին. «Ես եկել եմ այստեղ ծանոթանալու, սովորելու և նոր բաներ բացահայտելու»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



