Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները կարգավիճակ ստացան
1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ վթար, որն իր հետևանքներով համարվում է ատոմային վթարներից ամենախոշորը: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է գրեթե 600 հազար մարդ, որից 3000-ը՝ Հայաստանից: Վթարի հետևանքների լիկվիդացման աշխատանքներին մասնակցած անձանցից ոմանք վերադարձել են հիվանդություններով, մյուսները առողջական խնդիրներ են ձեռք բերել վթարին հաջորդած 30 տարիների ընթացքում:
Այս մարդիկ, սակայն, բուժօգնության, դեղորայքի հնարավորություն չեն ունեցել, նրանք միայն կարողացել են բուժվել պետպատվերի շրջանակներում, այն էլ՝ երբեմն խոչընդոտներով ու խնդիրներով, քանի որ սահմանված չի եղել նրանց կարգավիճակ տալու հարցը, չի եղել միասնական փաստաթուղթ, որը կհաստատեր այդ անձանց՝ Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակից լինելու փաստը:
Այսուհետ, սակայն, աղետի վերացման աշխատանքների մասնակիցներին կտրվի իրավական ուժ ունեցող վկայական, նրանք անխոչընդոտ կարող են դիմել առողջապահական հիմնարկներ, օգտվել օրենքով իրենց տրվող արտոնություններից: Կառավարության նոր որոշման համաձայն՝ արտոնություններից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր՝
1. ԽՍՀՄ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին,
2. կանչվել են զինվորական վարժական հավաքների,
3. մեկնել են աշխատանքային պայմանագրով,
4. մեկնել են կամավորական հիմունքներով: