Եվ ուրեմն, տեղի ունեցան Վանաձորի քաղաքապետի ընտրությունները, որտեղ արդեն ընտրված ավագանին, նոր սահմանադրության համաձայն, ընտրեց Վանաձորի քաղաքապետ։ Թեպետ նախօրոք որոշվել էր, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և Լուսավոր Հայաստան կուսակցությունները պաշտպանելու էին Լուսավոր Հայաստանի թեկնածու Քրիստ Մարուքյանին, ամեն դեպքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Թե ինչպես դա տեղի ունեցավ, դժվար է պատկերացնել, համենայն դեպս իշխող ուժը ևս մեկ անգամ վերահաստատեց քաղաքական «աճպարարի» իր ունիկալ հատկությունը։
Թե ով է մեղավոր և ով է անմեղ, ցույց կտա ժամանակը։ Առայժմ ֆոնը շատ էմոցիոնալ է, և կարծիքներն էլ բավականին իրարամերժ են։ Սակայն ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ շատ շուտով ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան շեշտակի փոփոխություններ, որոնք ակնհայտ կլինեն։ Չենք կարծում, թե փոփոխությունը հենց սա էր, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմադիր երեք ուժերը միասին, տեսականորեն ունենալով 18 մանդատ, արդյունքում քաղաքապետ ընտրեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ թեկնածուին։ Իրենք՝ ՀՀԿ-ականները նույնպես հրաշալի հասկանում են, որ տեղի է ունեցել դավադրություն։ Ընտրություններն անցել են, այսպես կոչված, «լեգիտիմ դավադրության» պայմաններում, որովհետև քվեարկությունն անցել է առանց խախտումների, բոլորի աչքի առաջ, սակայն քվեարկության արդյունքը հակասում է ընդհանուր տրամաբանությանը։
Բնականաբար, սա կարող է միանշանակ չընկալվել հանրության շրջանում, հատկապես Վանաձոր քաղաքում։ Մի՞թե իշխանությունները չեն հասկանում, որ սրանով ավելացնում են այն մարդկանց թիվը, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ հակված էին մտածելու, որ «Սասնա ծռերը» ճիշտ էին «տեռորի միջոցով» հարցեր կարգավորելու իրենց մեթոդաբանության մեջ։ Մի՞թե հնարավոր չէր աշխատել գոնե Վանաձորում ընտրությունները կազմակերպել ըստ տրամաբանության։ Սրանք հարցեր են, որոնք վաղ թե ուշ նորից ծառանալու են Հայաստանի գաղջ մթնոլորտի վրա, և մենք բոլորս նորից ստիպված ենք լինելու քաղաքական կատակլիզմներ ու ցնցումներ ապրել։ Փաստորեն, նորից արդիական է դառնում «ամեն ինչ սուտ է, սրանց միայն գյուլլելը կփրկի» տխրահռչակ թեզը, ինչը Հայաստանում քիչ թե շատ սկսել էր զիջել իր դիրքերը վերջին ժամանակաշրջանում։ Ցավոք, Հայաստանը շարունակում է ապրել քաղաքական խորը ճգնաժամ, և այդ ճգնաժամի պատասխանատուն շարունակում է մնալ գործող իշխանությունը։ Չակերտավոր «ընդդիմադիրների» մասին դեռ երկար կխոսվի, սակայն այս պահին դա այդքան էլ կարևոր չէ։ Կարևորն արդյունքն է։ Իսկ արդյունքն այսօր մեկն է՝ ՀՀԿ-ն նորից հաղթեց ընտրություններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել