Բնակարաններ` 180 զինծառայողի ընտանիքի
Պատերազմական իրավիճակում գտնվող պետությունների առաջնային նպատակներից մեկը պետք է լինի զինվորի և նրա ընտանիքի բարեկեցության ապահովումը:
Հայաստանում տևական ժամանակ է, ինչ գործում է «Անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագիր»-ը, որի համաձայն՝ պետությունը փորձում է աջակցել զոհված կամ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ընտանիքներին:
Ամեն տարի պետությունը, ծրագրի համաձայն, հատկացնում է 500 միլիոն դրամ, որի շրջանակներում զոհված, մահացած կամ
հաշմանդամություն ունեցող զինծառայողների շուրջ 60 ընտանիքի համար լուծվում է տանիք ունենալու խնդիր։
Վերջին տաս տարիների ընթացքում նման կերպ լուծվել է 2286 ընտանիքի բնակարանային խնդիր: Սպասվում է, որ
2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում կլուծվի ևս 180 ընտանքի բնակարանային խնդիր։
Ընտրությունը կատարվում է՝ ելնելով ընտանիքի բնակության վայրից և մեծությունից, ընտանիքի անդամների առողջական վիճակից, անչափահաս երեխաների առկայությունից և մի շարք այլ պայմաններից:
Ինչ վերաբերում է տրվող բնակարանի մեծությանը, ապա բաշխումը կատարվում է հետևյալ կերպ: Մեկ սենյականոց բնակարանը տրվում է երկու մարդուց բաղկացած ընտանիքի, երկու սենյականոցը՝ երեք, երեք սենյականոցը՝ 4-5 անդամի, իսկ չորս սենյականոցը՝ 6-7 մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում:
Գլոբալ առումով՝ հայտ ներկայացրած բոլոր ընտանիքների բնակարանային պայմանների ապահովումը սեղմ ժամկետներում իրատեսական չէ: Այդ է պատճառը, որ առաջնայնություն տրվում է առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: