ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ 15-Ն-ն է մե՞ծ, թե՞ 18-ը
Այսօր հաստատվեց Վանաձորի ավագանու ցանկը, ինչի առթիվ շնորհավորում եմ ավագանու բոլոր անդամներին: Ինչպես գիտեք, հոկտեմբերի 8-ին Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, որոնք Վանաձորի նորընտիր ավագանիում միասին ունեն 18 մանդատ, ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվեցին Վանաձորի ավագանու առաջիկա նիստում միասնաբար պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Հուշագրի տակ ստորագրեցին երեք կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները և ավագանու բոլոր 18 անդամները: Այս պայմաններում չափազանց տարօրինակ է դառնում, թե ինչ տրամաբանությամբ և ակնկալիքով է ՀՀԿ-ն առաջադրելու սեփական թեկնածուին Վանաձորի ավագանու ընտրություններում, եթե Հանրապետականը և ՀՅԴ-ն միասին ատացել են 15 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 18 մանդատով պաշտոնապես հայտարարել և ստորագրել է Լուսավոր Հայաստանի քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու մասին: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Հանրապետական կուսակցությունը փնտրում է զարտուղի ճանապարհներ` սեփական 15 ձայնը ավելացնելու և տարատեսակ խարդավանքների միջոցով առավելություն ստանալու համար: Սա տարօրինակ և միևնույն ժամանակ չափազանց մտահոգիչ հարց է, որը բացահայտում է Վանաձորի ավագանու առաջիկա նիստում Հանրապետական կուսակցության հնարավոր գործողությունները։