Այժմյան անհանգիստ աշխարհի մեջ ավելի ու ավելի է կարևորվում Հայաստանի նման կոմունիկացիաների սահմանափակ ռեսուրսներ ունեցող, հիմնական ռազմավարական նշանակության հիմնարկ-ձեռնարկություններն ու ամբողջական ոլորտներն այլ պետության տնօրինությանը հանձնած երկրի կողմից ազգանպաստ արտաքին քաղաքականություն վարելու գործոնը: Մի կողմից ահագնանում են դիվանագիտական «բախումները» ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, որն ավելի ցայտուն ձևով ուրվագծվում է համարյա դժոխքի վերածված Սիրիայում, մյուս կողմից մեր նորընտիր կառավարությունում, անփոփոխ թողնելով ԱԳ նախարարին, փաստացի անփոփոխ թողնվեց նաև ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, որն էլ իր հերթին նշանակում է վստահել ինքնիշխան երկրի արտաքին քաղաքականության գործոնը մեկ այլ երկրի, տվյալ պարագայում ՌԴ-ին, քանի որ ի դեմս ՀՀ արտաքին քաղաքականության և արտգործնախարար Նալբանդյանի՝ այն երբեք էլ վերջին շրջանում ինքնությունության նշույլներ անգամ չի ցուցաբերել: Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԱՄՆ-ՌԴ երկու գերտերությունների փոխհարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, նույնիսկ սառը պատերազմի տարիներին, ապա ակներև է դառնում այն փաստը, որ նույն ՌԴ, որին փաստացի ապավինել ենք մեր երկրի ճակատագիրը, ներկան ու ապագան, ունի լրջագույն խնդիրներ՝ ներառյալ արևմտյան պատժամիջոցների ֆոնին արձանագրված տնտեսական վատթարագույն իրավիճակը, որում հայտնվել է այդ երկիրը: Նման լրջագույն մարտահրավերների դիմագրավող երկրի քաղաքական ղեկավարությունները հազիվ թե մտահոգվեն մեկ այլ երկրի շահերով կամ նրան սպառնացող վտանգներով և ավելի մեծանում է հավանականությունն այն քաղաքականության, որ սեփական շահերի համար վճարում են երրորդ երկրի շահեր կա՛մ անտեսելով, կա՛մ ուղղակի այդ շահերին հակառակ, հակասող գործընթացներով: Այնպես որ ինչքան անհանգիստ է աշխարհի իրավիճակը՝ պայմանավորված գերտերությունների հակամարտությունների սրացումներով, այնքան կարևորվում է մյուս՝ այս կամ այն երկրի ազդեցությունների ուղեծրերում հայտնված երկրների ինքնուրույն, սեփական երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելու կարևորագույն գործընթացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: