Ինստիտուցիոնալ ուրացողի հիշատակարանը
(մաս 3)
9. Ամռանը ՊՊԾ գունդը գրավելու առթիվ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հրապարակմամբ: Փաշինյանը, «տարօրինակ» համարելով այդ հայտարարությունը, միայն իրեն հասու «հանճարեղ» վերլուծությամբ, «եզրակացություն» էր անում, թե դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը մտածում է, որ ՊՊԾ գնդի գրավմամբ ստեղծված իրավիճակը կարող է բերել Սերժ Սարգսյանի հեռացմանը, սակայն Արցախի հարցում Տեր-Պետրոսյանը «ամոթալի» «դաշինք» է կազմել Սերժ Սարգսյանի հետ, դրա համար էլ նման հայտարարություն է արել*: Այսինքն, ըստ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանը իբր այդ հայտարարությամբ «պաշտպանել» է Սերժ Սարգսյանին, այսինքն` դեմ է արտահայտվել ժողովրդի ընդվզմանը:
Թե ՊՊԾ գնդի գրավման ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊՈՒԹՅՈՒՆԸ որքանո՞վ է խոսում այն մասին, որ Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում «դաշինք» է կազմել Սերժ Սարգսյանի հետ, դա, ինչպես ասվեց, միայն Փաշինյանի պես «հանճարը» կարող է վերլուծել, ուստի, զերծ մնալով դարի հերթական «դավադրության» բացահայտան «լուրը» մեկնաբանելուց, ընդամենը համեմատական կարգով վերլուծենք մի քանի փաստեր:
Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես դեմ է արտահատվել ներքաղաքական պայքարում ցանկացած տիպի հակասահմանադրական ու բռնի մեթոդներին: Դրա մասին ասվել է միշտ: Կոնկրետ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Տեր-Պետրոսյանը իր հրապարակման մեջ հայտարարել էր, որ տվյալ ժամանակահատվածում անիմաստ է վերլուծել նման քայլի պատճառները; վերլուծությունները պետք է կատարվեն իրավիճակի հանգուցալուծումից հետո, ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը; խնդիրը պետք է լուծել բանակցությունների միջոցով; Սեֆիլյանի և իր զինակիցների հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի; և որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել:
Դեմագոգիայի ու մանիպուլյացիայի պարզագույն հնարքների թելադրմամբ, Փաշինյանը, Տեր-Պետրոսյանի հայտարարությունը «վերլուծելուց» ու դարի «դավադրությունը» բացահայտելուց, չի անդրադառնում ընդհանուր դրույթներին, այլ միայն ներկայացնում է այն հատվածը, որտեղ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ներկա ժամանակահատվածում անիմաստ է վերլուծել ՊՊԾ գնդի գրավման պատճառները, վերլուծությունները պետք է կատարվեն իրավիճակի հանգուցալուծումից հետո: Եվ վերջ: Փաշինյանը, նախ կոնտեքստից կտրում է տվյալ միտքը, ապա հայտարարում, որ իրավիճակից հետո վերլուծություն անելը դա նույնն է, ինչ ասել` «կարիք չկա հասկանալ, թե ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք նրան բուժենք, հետո կհասկանանք, թե ինչով է հիվանդ: Նման բան ասել նշանակում է հետևյալը՝ թողենք հիվանդը մեռնի, հետո դիահերձումից կվերլուծենք, թե ի՞նչը դարձավ նրա մահվան պատճառը»**: Ինչպես տեսնում եք, Փաշինյանը նույնիսկ նման «համեմատություններ» անելիս է ակնհայտորեն բացահայտում իր դեմագոգիկ նպատակները: Այն ինչ Տեր-Պետրոսյանի միտքը ընդամենը նշանակում էր հետևյալը` «Հիվանդի վիրահատման գերլարված պահին անիմաստ է վերլուծել, թե հիվանդը ինչ եղանակով է հիվանդացել, այդ վերլուծությունները պետք է արվեն հիվանդին բուժելուց հետո»:
Փաշինյանի քննադատության, իրականում` զրպարտության, նպատակն էր նաև այն, որ նա դրանով ցանկանում էր ընդվզած մարդկանց «հասկացնել», թե տեսեք` Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Սերժին ու դուրս չի գալիս պայքարի, ուստի նա դեմ է այս ընդվզմանը: Դրա մասին է խոսում այն, որ երբ Փաշինյանը ավարտում է դարի «դավադրության» բացահայտան թեման, միանգամից հայտարարում է, որ այդ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ նա ուզում է անդրադառնալ «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը, և որ իր բոլոր գործողությունները միտված են եղել ցույց տալու, որ «Սասնա ծռեր» խմբի տեղաները ահաբեկիչներ չեն, ապա, թվարկում է պատճառներ, որոնք «Սասնա ծռեր»-ի համար արդարացորեն հիմք են հանդիսացել դիմելու նման գործողության: Ավելին, Փաշինյանը նաև հայտարարում է, որ «Սասնա ծռերը» իրենց գործողություններով հրատապ անհրաժեշտություն են ստեղծել, որ ժողովուրդը պատասխանի` երբ է Սերժ Սարգսյանը հեռանալու իշխանությունից»**: Ի՞նչ անուն կարելի է տալ նման կեցվածքին, առնվազն` «տարօրինակ»: Նման հայտարարություններ էր անում մի մարդ, ում համար անընդունելի է բռնությունը, և որ իր թիմը իշխանափոխությունը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհի միջոցով: Ավելին, դրա մասին նույնիսկ հայտարարում էր հենց նույն Խորենացի փողոցում:
Ի՞նչ է ստացվում, որ ոչ բռնի պայքարի կողմնակից Փաշինյանը, մասնակցում է ՊՊԾ գունդը զենքով գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցող հանրահավաքին; արդարացնում է այդ տղաների գործելաոճը, գովեստի խոսքեր է շռայլում նրանց; քննադատում է բացառապես խաղաղ ճանապարհով պայքար տանող Տեր-Պետրոսյանին, ով չի արդարացնում «Սասնա ծռերի» գործելաոճը; ու կրկին անգամ հայտարարում է, որ ուժ ցույց տալու համար պետք չի քար ու մահակ, որ բռնությունը պետք է բացառվի**: Այսինքն` Փաշինյանը, հետին մտքով ձեռ է առնում «Սասնա ծռերին», իսկ վերջին հաշվով` նրանց մեղադրում է բռնի գործողություններ իրականացնելու մեջ: Հակառակ դեպքում` իրավիճակը դուրս է բանականության սահմաններից, քանի որ ստացվում է, որ գործ ունենք անմեղսունակի հետ. «ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ անգամ չպարունակող»*** պայքարի կողմնակիցը աջակցում է ՊՊԾ գունդը զենքով գրաված խմբավորմանը ու քննադատում ոչ բռնի, խաղաղ ճանապարհով պայքարող մեկ այլ անձի, քանի որ վերջինս չի աջակցում նույն խմբավորմանը:
Սակայն, համադրելով Փաշինյանի հայտարարություններն ու կեցվածքը, վերջինիս շարժառիթները միանգամայն ակնհատ են դառնում, այն է` տարբեր դեմագոգիկ ու մանիպուլյացիոն եղանակներով այլոց ձեռքերով կրակից շագանակներ հանել: «Այո, մենք դեմ ենք բռնությանը, չենք ցանկանում ձեռքներս արյունոտել, բայց դեմ չենք, որ դա անեն այլոք, իսկ մենք դրանից կոգտվենք, ապա կքննադատեք այդ մեթոդները»: Կամ` «Այո, մենք դեմ ենք բռնությանը, համարում ենք, որ «նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության և անվստահության մթնոլորտը, և որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք և ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից և գործողություններից»****, բայց երբ այլոք են հայտարարում, որ տվյալ պահին վերլուծությունները «միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը», ուրեմն նրանք Սերժ Սարգսյանի հետ դաշնակիցներ են»: Ահա սա է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Փաշինյանի ողջ ասելիքը, որը նա այդպես էլ չկարողացավ ու չի կարողանում տեղ հասցնել:
* - http://168.am/2016/07/22/665490.html
** - http://www.aravot.am/2016/07/22/718825/
*** - http://armtimes.com/hy/article/92724
**** - http://www.azatutyun.am/a/27884349.html
Վերջում մեզ մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը վերջապես կսթափվի և ամեն հերթական հայտարարությունը անելիս նախապես կվերընթերցի նախկինում իր կողմից արաված նմանատիպ հայտարարությունները, որպեսզի ամեն հաջորդ հայտարարությամբ ծայրահեղ կերպով չհակադրվի նախորդ հայտարարություններին: Սակայն դա էլ կարող է չփրկել, քանի որ, ինչպես երևում է, նա նույնիսկ ի զորու է իր ելույթի պարբերություններն հակադրել իրար: