![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Նախագահական ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ հավաքելով ավելի քան կես միլիոն ձայն: Իհարկե, նրան չհաջողվեց հասնել իր հիմնական նպատակին, հաղթել նախագահական ընտրություններում, սակայն ընտրություններում հավաքած ձայները նրան լուրջ հնարավորություն են ընձեռում ոչ միայն լրացնել ընդդիմադիր դաշտում ստեղծված վակումային վիճակը, այլև քաղաքական դաշտում ազդեցիկ բռունցք կազմել: Դրա համար Ր. Հովհաննիսյանը նախևառաջ պետք է ընտրություններում հավաքած իր ձայները կապիտալի վերածի, ճիշտ դիրքավորվի քաղաքական դաշտում ու պայքարի նոր մարտավարություն մշակի: Չմոռանանք նաև, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են, ինչը «Ժառանգության» համար լավ հնարավորություն է օգտագործելով իր համար բարենպաստ ժամանակաշրջանը՝ հաջողություններ գրանցելու նաև այդ պայքարում: Մի կողմից «Ժառանգության» համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, մյուս կողմից` կուսակցությունն այս պահին քաղաքական դաշտի մյուս ուժերի ակտիվ հարվածների տակ է: Մինչ ՀՀԿ-ն տոնում է իր հաղթանակը, որոշ կուսակցություններ, մասնավորապես, նախագահական ընտրապայքարին չմասնակցած ուժերը փորձում են ամեն կերպ նսեմացնել «Ժառանգության» հաջողությունը՝ ուղղակի կամ անուղղակի ձևով անվստահություն հայտնելով Ր. Հովհաննիսյանին և նրա ծավալած քաղաքական պայքարին: Իհարկե, հասկանալի է, որ Ր. Հովհաննիսյանին ձայն տվեցին ոչ միայն իր համակիրներն ու նրա ծրագրին հավատացող քաղաքացիները, այլև այն զանգվածը, որը մշտապես դեմ է քվեարկում իշխանության թեկնածուին: Որպես կանոն` այդ զանգվածն իր ձայնը տալիս է այն թեկնածուին, ով առավել մեծ հնարավորություններ ունի իշխանության թեկնածուի դեմ պայքարում, սակայն հաջողությունը մնում է հաջողություն և չարժե նսեմացնել այն թեկնածուին, ով գոնե քաղաքական պայքար է մղել, աշխատել ու փորձել ապացուցել, որ կարող է հաջողություն ունենալ: Այս տեսանկյունից, Ր. Հովհաննիսյանին շատ ավելի դժվարին պայքար է սպասվում ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու առումով, քանի որ այնտեղ ընդդիմության հիմնական դերակատարները ոչ մի կերպ չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը:




