Картинки по запросу հայեցողական պաշտոնՎերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերում, մամուլի տարբեր հրապարակումներում քննարկման դիտարժան նյութ է հայեցողական պաշտոններ զբաղեցնողների հրաժարական տալու կամ աշխատանքը նոր ղեկավարի հետ շարունակելու որոշումը:
Որպես կանոն՝ մեծամասամբ մամլո խոսնակները, խորհրդականները, օգնականները ղեկավարի հետ հեռանում են զբաղեցրած պաշտոնից: Օրենքի կետով չամրագրված և առավել ևս չպարտադրված այս քայլն իրականում դիտարժան է առավելապես բարոյական տեսակետից:
Երեք վերոնշյալ պաշտոններից եկեք առանձնացնենք խոսնակի կամ, ինչպես առավել ընդունված է, մամուլի քարտուղարի գործունեությունը:
Որևէ մեկը չի կարող հերքել, որ այս պաշտոնը զբաղեցնող մասնագետը (եթե իհարկե մասնագետ է) ղեկավարի հետ ամենօրյա շփումների, սերտ աշխատանքի, ամեն հարցով ելումուտի շնորհիվ գրեթե յուրաքանչյուր գերատեսչությունում անմիջականորեն ասոցացվում է առաջին դեմքի հետ: Հաճախ ղեկավարն իր կամքը, հանձնարարությունը մյուս ենթականերին թելադրում է այս աշխատակցի միջոցով:
Խոսնակը ոչ միայն համակարգում է, այլև պատասխանատվություն է կրում ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հրապարակումների ընթացքի, պարզաբանումների, հերքումների, այցերի, հանդիպումների, պետական աշխատանքի կարևոր բաղկացուցիչ հանդիսացող մյուս գործերի լուսաբանման, ճիշտ մատուցման համար: Հաճախ նա քաջատեղյակ է ղեկավարի անձնական գործերից, հանդիպումներից, շփման շրջանակներից, ընտանիքից, նախասիրություններից:
Նա անխոս պետք է վայելի ղեկավարի հարգանքը և վստահությունը: Կառույցի դեմքը դառնալով՝ հմուտ խոսնակը սահմանում է իր անմիջական ղեկավարի հետ ԶԼՄ-ների շփման նուրբ շրջանակը, դառնում է նրա վահանը, պաշտպանը, թիկնապահը, կոպիտ ասած՝ թիվ մեկը, ով նաև ԶԼՄ-ների լուսաբանումներում գրանցած հաջողությունների և հատկապես անհաջողությունների գլխավոր պատասխանատուն է, երբեմն մեղադրյալը: Նույնը ոչ միշտ է տարածվում ոլորտում աշխատող քաղաքացիական ծառայություն իրականացնողների վրա, որովհետև ղեկավարի փոփոխությունը չի ենթադրում աշխատակազմի անդամների փոփոխություն: Քաղծառայողների ուսերին ավելի նվազ պատասխանատվություն է դրված:
ՀՀ նոր կառավարության ձևավորումը ևս մամուլի խոսնակների շրջանում վերափոխումների հանգեցրեց, սակայն ի տարբերություն իրենց ղեկավարների՝ խոսնակներին հիմնականում չեն ազատում աշխատանքից, այլ իրենք են առաջին դիմում գրողը, սեփական դիմումի համաձայն կառույցը լքողը: Սա ոչ թե հերոսանալու, ըմբոստանալու կամ որևէ մեկին որևէ բան ապացուցելու առիթ է, այլ պարզ մարդկային նաև մասնագիտական քայլ:
Կարծիքներ կարող են հնչել, թե իբր պրոֆեսիոնալ չէ, գուցե, բայց արդյոք պրոֆեսիոնա՞լ է կայծակնային արագությամբ նոր ղեկավարին նվիրվելը, գաղտնիքներին տիրապետելը, տեղեկատվություն փոխանցելը: Հակված ենք մտածելու, որ սա ավելի շատ դերասանության, քան լրագրության դաշտից է:
Խոսնակների մասին կարելի է երկար խոսել: Հայաստանյան իրականության մեջ կան խոսնակներ, որոնք արագորեն հարմարվում են ղեկավարի փոփոխությանը և հաստատուն մնում են իրենց տեղում և դիրքում: Ճի՞շտ է արդյոք սա, թե՞ ոչ… Իմ կարծիքով, արդար կլիներ, եթե մնալու պատճառների մասին ճիշտը բարձրաձայնվեր և փորձ չկատարվեր ներշնչել հանրությանը, որ իրենք պետքական են, անփոխարինելի, փայլուն: Իրականում նման մարդկանց առավել հեշտ է հանդուրժել, քան ձերբազատվել նրանցից: Այս հանգամանքն այնքան դատապարտելի չէր լինի, եթե այդքան զավեշտալի չլիներ:
Փայլուն մասնագետը, նվիրված աշխատողը պաշտոնը լքելուց հետո էլ փող վաստակելու հնարավորություն հաստատ կգտնի, այլ հարց է, եթե պաշտոնից կառչած մնալու ցանկությունն է գերիշխող:
Ինչևէ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գծելու բարոյականության իր սահմանը, տարբերակել սեփական շահը, և վերջիվերջո ամենակարևորը՝ ունենալ «հավերժական» պաշտոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել