Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները նոր թափ են հավաքում։ Մեծ հաշվով՝ դրանք երբեք էլ չեն դադարել, նույնիսկ այն ժամանակ, երբ Ծառուկյանը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո հայտարարեց, որ քաղաքականության էջն իր համար այլևս փակ է։ Թե ինչպես հեռացավ ԲՀԿ նախկին առաջնորդն ու հիմնադիրը, հիշում են բոլորը։ Եվս մեկ անգամ կարիք չկա հիշատակելու, որ Ծառուկյանը ոչ թե հեռացավ երկրում ցնցումներ առաջացնելու լուրջ մտավախությունից, այլ պարզապես այն ահռելի ճնշումներից հետո, որ ենթարկվեց Սերժ Սարգսյանի ելույթից հետո։
Եվ այժմ՝ պառլամենտական ընտրությունների նախօրեին, երբ ավարտվել են նաև ՏԻՄ ընտրությունները, արդեն կարող ենք որոշակի պատկերացում կազմել նաև պառլամենտական ընտրությունների մասին։ Հանուն անկեղծության պետք է նշեմ, որ, չնայած լոկալ ընտրություններում ՀՀԿ-ն լուրջ սայթաքում թույլ տվեց՝ համարյա դե ֆակտո քաղաքապետի պաշտոնը զիջելով Լուսավոր Հայաստանին, ամեն դեպքում այդ ուժը շարունակում է դոմինանտ մնալ Հայաստանի քաղաքական կյանքում և հաղթանակի լուրջ հայտ ներկայացնել։ ԲՀԿ-ի դիրքերը Ծառուկյանի հեռանալուց հետո բնականաբար թուլացել են, և նույնիսկ մտավախություններ կային, որ կուսակցությունն առհասարակ փակվելու վտանգի տակ է։ Գագիկ Ծառուկյանը, անկախ իր քաղաքական վարքագծից, երկրում լուրջ դերակատարում ունեցող անհատ է։ Ճիշտ է, Ծառուկյանը դժվար թե վերականգնի նախկին հեղինակությունը, սակայն նրա վերադարձը որոշակիորեն կհստակեցնի քաղաքական դերաբաշխվածությունը։ Պարզ է, կարծում եմ, որ այս անգամ նա հանդես չի գա ռադիկալ ընդդիմադիր դիրքերից և իր գործունեությունը կհամաձայնեցի որոշ չափով նաև իշխանությունների ու ընդդիմության հետ։ Եվ հենց դրանով էապես կմեծանան նաև ԲՀԿ-ի՝ գալիք պառլամենտում հայտնվելու շանսերը։
Սա, իհարկե, վերադարձի դեպքում, սակայն բացառված չէ, որ սրանք ընդամենը խոսակցություններ են։ Ի վերջո, անկախ քաղաքական բաղադրիչից՝ Ծառուկյանը նաև տիպիկ ներհայաստանյան մթնոլորտի, Հայաստանին բնորոշ գլխավոր դերակատարներից մեկն է, ով բացի քաղաքականից՝ առաջնորդվում է նաև անձնական պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Արդյոք կհամաձայնի՞ նա նորից վերադառնալ մի դաշտ, որտեղից իրեն, մեղմ ասած, ոչ բարյացակամորեն պարզապես դուրս թողեցին։ Մեր սուբյեկտիվ ընկալմամբ՝ ոչ, սակայն քաղաքականության մեջ սուբյեկտիվիզմը դեռևս բավական չէ քաղաքական օրակարգ թելադրելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել