Սիրիայում ընթացող գործընթացները լրջագույն մարտահրավեր են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության համար: Սրվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, Ռուսաստանը խոստանում է ոչնչացնել ԱՄՆ-ի արձակած հրթիռները Սիրիայի տարածքում, ԱՄՆ-ն իր հերթին հանդես է գալիս Սիրիայում առավել ընդգրկուն գործողությունների գնալու նախաձեռնությամբ:
Ի վերջո, ի՞նչն է Սիրիական հակամարտության պատճառը, ինչի սկսվեց քաղաքացիական պատերազմը:
Ինչպես և բոլոր հարցերում, այստեղ նույնպես պատճառը փողն է, մեծ փողը:
Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում էներգետիկ ռեսուրսների բաշխման խնդիրը ձևավորում է հակասությունների մի մեծ և որոշ դեպքերում` անլուծելի կծիկ, ինչպես եղավ Սիրիայի պարագայում:
ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարության մեջ որպես առաջնահերթ խնդիր դրված էր բնական գազի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցը, քանի որ ԵՄ 80% կախված էր Ռուսական Գազպրոմից, ինչն էլ իր հերթին Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք և Ռուսաստանի պետական և մասնավոր բյուջեների լցման կայուն աղբյուր: Հայտնի է ՌԴ Նախագահ Պուտինի անձնական շահագրգռությունը Գազպրոմի գործունեության մեջ:
Հանրահայտ «Նաբուկո» նախագիծը նպատակ ուներ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի բնական գազը տեղափոխել Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանին: Սակայն Կասպից ծովի ավազանի իրավական կարգավիճակի չհստակեցված լինելը խնդիր դարձավ ծովի ընդերքը որպես խողովակի ճանապարհ օգտագործելու համար, իսկ Ադրբեջանի գազը բավարար չէր խողովակը լցնելու համար և չէր արդարացնում նախագծի վրա կատարվող ծախսերը:
Սակայն հայտնվեց Քաթարը, որի ընդերքում էր գտնվում Պարսից ծոցի բնական գազի 2/3-ը, իսկ Ծոցի ընդերքում է գտնվում աշխարհի բնական գազի ամենամեծ հաստատված պաշարները:
Քաթարն առաջարկեց իր գազը միացնել «Նաբուկո» խողովակաշարին, որի համար պատրաստ էր հատկացնել 10 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Քաթարից Թուրքիա ձգվող խողովակը պետք է անցներ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներով:
Սրան զուգահեռ՝ Իրանը, որն ուներ անհամեմատ քիչ ծավալով բնական գազի պաշարներ, հանդես եկավ իր գազը մինչև Հունաստան տեղափոխելու նախաձեռնությամբ, որը շրջանցում էր Թուրքիան և անցնում է Իրաքի և Սիրիայի տարածքով:
Սիրիայի Նախագահ Ասադը մերժեց Քաթարի առաջարկը և ընդունելի համարեց Իրանի նախագիծը, որը, պետք է խոստովանել, մշակված էր բացառապես Քաթարի առաջարկը չեզոքացնելու համար և չունենալով բավարար ֆինանսական հիմք՝ չէր կարող իրականացվել: Ասադի այս ճակատագրական որոշման կայացման հարցում վճռական դերակատարություն է ունեցել Ռուսաստանը` նախագահ Պուտինի անձնական մասնակցությամբ, քանի որ եթե Քաթարի նախագիծը գործարկվեր, ապա Ռուսաստանը կզրկվեր Եվրոպայի վրա ունեցած իր վերջին գործուն ազդեցության լծակից:
Իրավիճակը սրվեց 2009թ. ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտի հետևանքով, որի արդյունքում ցուրտ ձմռան ամիսներին առանց գազի մնաց Արևելյան Եվրոպայի մեծ մասը: Այս հանգամանքը ստիպեց ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման ճարտարապետներին դիմել վճռական գործողությունների, իսկ առանց Սիրիայի այն իրագործվել չէր կարող: Ասադը, մնալով անդրդվելի, գործընթացը տարավ դեպի փակուղի, ինչի արդյունքում Քաթարը Սիրիայում իշխանությունը փոխելու համար հատկացրեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար, որին միացան նաև Թուրքիան ու Սաուդիան Արաբիան: Սկսեց Սիրիայի քաղաքացիական պատերազմը, իսկ Ռուսաստանը` որպես հակամարտության հիմնական պատճառ, ստանձնեց Ասադի ռեժիմի պահապան հրեշտակի գործառույթը` դրանով իսկ թեժացնելով պայքարն ու մեծացնելով պատերազմի մասշտաբները:
Փաստորեն, Ասադը, իր իշխանությունը պահելու և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը սպասարկելու համար կործանեց Սիրիա պետությունն ու ամբողջ աշխարհը կանգնեցնեց II Համաշխարհային պատերազմից հետո աննախադեպ հումանիտար աղետի և III համաշխարհային պատերազմի եզրին: