Հայաստանի ներքաղաքական պնակը հավակնում է դառնալ բավականին հետաքրքիր։ Երեկ Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները հայտարարել են, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քվեարկության ժամանակ սատարելու են Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Քրսիտ Մարուքյանին, ինչը դառնում է բավարար, որպեսզի իշխող Հանրապետական կուսակցությունը քաղաքում դառնա ընդդիմություն։ Իհարկե, այս ամենը պետք է հաստատվի դեռ քվեարկությամբ, որը տեղի է ունենալու երկուշաբթի օրը, և միայն դրանից հետո կարելի է ասել՝ արդյոք Հանրապետության երրորդ քաղաքում իշխանություն կփոխվի, թե ոչ։
Հիմա անդրադառնանք բովանդակային մասին։ Խնդիրն այն է, որ հայ հասարակությունն արդեն, այսպես ասած, «մշտական ի գիտություն» էր ընդունել այն փաստը, որ ՀՀԿ-ն անպարտելի է։ Քաղաքական ուժերն էլ ընտրություններին մասնակցում էին միայն զգացնել տալու համար, որ դեռ գոյություն ունեն, իսկ ավելի քիչ կայացած կուսակցություններն՝ ընտրություններում ինչ-որ տոկոսներ հավաքելու համար։ Փաստենք, որ չնայած Վանաձորում ենթադրյալ ձախողմանը, Հանրապետականն առայժմ շարունակում է մնալ Հայաստանում գերիշխող քաղաքական ուժ՝ սկսած իր տարածքային կառույցներից, վերջացրած ֆինանսական ու վարչական ռեսուրսներով։ Եվ հանրությունը այժմ կարծես թե անակնկալի է եկել։ Ըստ էության՝ փոփոխությունն այնքան սպասված էր ու միևնույն ժամանակ այնքան անհասանելի էր թվում, որ այժմ ընդդիմադիր մի շարք ուժերի հետ կոալիցիան, որոնցից մի քանիսը, մեղմ ասած, այնքան էլ լավ համբավ չունեն հանրության շրջանում, առնվազն տարակուսելի է թվում։ Սակայն այստեղ հարցին պետք է նայել նախևառաջ քաղաքական տեսանկյունից` մի կողմ թողնելով էմոցիոնալ ֆոնն ու գաղափարական տարաձայնությունները, որովհետև Հայաստանի նման երկրներում այսօր ավելի մրցակցային են ոչ թե գաղափարները, այլ ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ուստի այս դաշինքը միգուցե այնքան էլ նշանակալից չէ հանրության շրջանում վստահության առումով, սակայն կարևոր է կարծրատիպ կոտրելու առումով, որովհետև եթե ստացվի այնպես, որ նոր քաղաքապետ դառնա Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը, ապա ստացվում է, որ Հայաստանում աննախադեպ երևույթ է տեղի ունենում, և իսկապես ընտրություններով իշխանություն է փոխվում։ Այլ հարց է, թե հետագայում ինչպես կհամագործակցեն վերոնշյալ երեք կուսակցությունները, սակայն եթե հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի ամիս հետո պառլամենտական ընտրություններ են Հայաստանում, և երեք կուսակցություններն էլ խնդիր ունեն հաղթահարելու անցողիկ շեմը, ապա, իհարկե, օր առաջ համագործակցությունը նրանց մեծ հնարավորություն է տալիս ավելի ուժեղացնելու իրենց դիրքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել