Սա նոր Հայաստան է և վերջ...
Հետգրությունը գրում եմ սկզբում՝ չափազանց մեծ ցավով եմ գրելու ստորև: Պետք չէ մտածել, թե ընդդիմադիր եմ կամ ուզում եմ անընդհատ վատը ներկայացնել, հեղինակազրկել մեր պետությունը, քաղաքական համակարգը և այլն: Բայց ստիպված եմ արտահայտել իմ դժգոհությունը:
Դիտորդական առաքելության ընթացքում ապրեցի կյանքիս ամենամեծ հիասթափությունը: Բնականաբար, միամիտ չէի ու գիտեի ընտրությունների ելքը, բայց նման բացահայտ ձևով արհամարհանք ՀՀ քաղաքացու հանդեպ երբեք չէի սպասում:
Ովքե՞ր են այդ քյաբաբի ու քյաբաբանման օրգանների համար մեռած դասվար-պառվաբ**երը, իրենց նախագահի տեղ դրած տնօրենները և մանր-մունր չինովնիկները, որ տնօրինում էին քաղաքացիների ձայները: Չեք պատկերացնի՝ ինչ արհամարհանքով էին քվեատուփից հանում Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները, ինչպիսի զզվանք, կոպտություն լրագրողի հանդեպ, ով անում էր ամեն ինչ մի բան փոխելու համար, բայց զուր.... Այդ մարդակերպերն անկարող էին հասկանալու մեր պահանջները: Նրանց համար մեկ գերնպատակ կար՝ ապահովել խոստացված ձայները: Ինչպիսի անտեղյակություն ու անգրագիտություն էր տիրում, չէին տիրապետում ամենատարրական հմտություններին: Անձամբ հպարտ եմ, որ կարողացա փրկել Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ տասը քվե, որոնք վարպետորեն այլ տեղում էին փորձում դասավորել: Լցոնումներ, խախտումներ, կռիվներ...միշտ էլ եղել են, բայց նման հոգեբանական մթնոլորտ երբևէ չէր եղել: Հաղթանակած լինելու զգացումը կուրացրել էր այդ «մարդկանց», ովքեր թքած ունեին ցանկացած պահանջի վրա: Ո՞ւմ են պետք ձեր հուշաթերթը, այդ մատյանները, «ցնդած թանաքները»...ահռելի ծախսեր, որոնք ջուրը լցրեցիք մի վայրկյանում: Ո՞ւմ են պետք այդ դիտորդական առաքելությունները, «օրենքի տառին համապատասխան» որակումները:
Ամեն անգամ կոպտորեն բռնաբարում եք ՀՀ Սահմանադրության Առաջին հոդվածը... Ես չեմ ուզում ապրել այս ժողովրդավարությունում: Ամրագրեք, որ սա ավտորիտար երկիր է, դա իրոք կհեշտացնի թե՛ ձեր, թե՛ մեր գործը: Թող չլինեն ընտրություններ, մենք հոժարակամ կենթարկվենք ձեզ, բայց սա որակել ժողովրդի իշխանություն ուղղակի զզվելի է: Սա չէ նոր Հայաստանը, մեզ պետք չէ այս նոր Հայաստանը:
Երեկվա օրը ինձ ստիպեց մտածել հեռանալու մասին: Եթե հնարավորություն ունենայի գիշերը տաքսու վարորդին կխնդրեի ինձ տանել օդանավակայան՝ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ գնալու հույսով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/457863277613723
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել