Картинки по запросу ՀՀ ԿառավարությունՀայաստանում հատկապես վերջին տարիներին հանրային լայն հատվածների մոտ կարծրացել է այն միտքը, որ  հնարավոր չեն փոփոխություններ, եթե այդ փոփոխությունները չլինեն Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ ամենագլխից։ Բավական երկար ժամանակ դրանք  ընդամենը խոսքեր, արտահայտություններ էին, որոնք մեծ իմաստով ոչ մի կերպ իրականության հետ աղերս ունենալ չեն կարող։ Ահա այսպես էր մտածում քաղաքացին, երբ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի կաբինետին հորդորում էր լավ աշխատել։
 
Եթե անկեղծ լինենք, քաղաքացին իսկապես հիմք ուներ մտածելու ենթադրվող փոփոխությունների մտացածին լինելու մասին։ Ըստ էության՝ մեկ դերակատարը փոխվում էր մյուսով, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանը կարող էր Կապի և տրանսպորտի նախարարից դառնալ Ֆինանսների նախարար և այլն։
 
Սա ասում ենք, որպեսզի համեմատենք այն ամենը, ինչ հիմա ունենք։ Եվ բնական հարց է առաջանում՝ իսկապես Հայաստանում մթնոլորտ փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Հասկանալի է, որ միայն անձերի փոփոխությամբ հարց չի լուծվի, հասկանալի է նաև, որ ոչ մի պարագայում մենք չենք կարող ժխտել այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունն այս պահին գտնվում է սաստիկ ռեաբիլիտացիայի շրջանում։ Փոփոխություն է կրել Հայաստանի գրեթե ողջ Կառավարությունը՝ բացառությամբ Սփյուռքի և Արտաքին գործերի նախախարությունները, մոտ ապագայում գործադիր մարմնում սպասվում են կադրային փոփոխություններ նաև մարզպետների շարքում։ Եվ այդ փոփոխության համար ընտրվում են թիրախներ, որոնք մինչ այդ թվում էր, թե անձեռնամխելի են։ Սուրիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան, Սեյրան Օհանյան... Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք Հայաստանում դասվել են անձեռնմխելիների շարքին, ու թվում էր՝ նրանց դիրքերը մշտապես անսասան են։ Բնականաբար, հրաժարականը դեռ փոփոխության գրավական չէ, այս պաշտոնյանները գոնե հանրության պատկերացումներում պիտի հեռու լինեն քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուց։ Դրանում դեռ պետք է համոզվել։ Եվ եթե մի որոշ ժամանակ հետո Հայաստանի «անձեռնմխելիները» այլևս նաև քաղաքական դերակատարում չունենան Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում, ապա վստահաբար կարելի է ասել՝ Հայաստանը նվազ քայլերով, բայց հաստատուն փոփոխությունների ճանապարհն է բռնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել