Image result for Վիգեն ՍարգսյանՆախ, Վ. Սարգսյանը նշեց, որ «իրականում Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան Նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության»: Իհարկե, բոլորին է հայտնի, որ Գերագույն գլխավոր հրամանատարը մշտապես վերահսկել է Զինված ուժերում ընթացող գործընթացները։ Բայց շատ հարցերում Սեյրան Օհանյանը եղել է բավական ինքնուրույն նախարար, և Նախագահ Սարգսյանը թույլ է տվել, որպեսզի բանակի ներքին զարգացումների տրամաբանությունն ընթանա այնպես, ինչպես դա պատկերացրել է նախկին նախարարը։ Վիգեն Սարգսյանն իր՝ որպես նախարար առաջին իսկ հայտարարության մեջ նշում է, որ եկել է՝ Բանակում Գերագույն գլխավոր հրամանատարի պատկերացումները կյանքի կոչելու համար։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախագահ Սարգսյանը որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել բանակաշինության խնդիրներին և այսուհետև անձամբ է զբաղվելու այդ կառույցի հետագա զարգացման գործերով։

Երկրորդ, խոսվում է ազգ֊բանակ գաղափարի մասին։ Որքան էլ մեր բանակը ազգային լինի, այնուամենայնիվ, փաստ է, որ սա միանգամայն նոր մոտեցում է անկախ Հայաստանի համար։ Ըստ նոր գաղափարի՝ այսուհետև Բանակ է համարվելու ոչ միայն Զինված ուժերի համակարգը, այլ ամբողջ հասարակությունը՝ լինի գիտնական, թե մանկավարժ, արհեստավոր, թե նկարիչ։ Բանակի նման ընկալման մասին քննարկումներ նախկինում ևս եղել են։ Բայց այսօր այդ ամենը բարձրացվում է ծրագրային մակարդակի և դա շատ լավ է։ Որովհետև, ցավոք, այն միջավայրը, որտեղ ապրում և զարգանում է մեր պետությունը, այլ հնարավորություններ մեզ չի տալիս։ Հայաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր իշխանությունները սպառված են համարում Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավորությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել