Նախ, Վ. Սարգսյանը նշեց, որ «իրականում Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան Նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության»: Իհարկե, բոլորին է հայտնի, որ Գերագույն գլխավոր հրամանատարը մշտապես վերահսկել է Զինված ուժերում ընթացող գործընթացները։ Բայց շատ հարցերում Սեյրան Օհանյանը եղել է բավական ինքնուրույն նախարար, և Նախագահ Սարգսյանը թույլ է տվել, որպեսզի բանակի ներքին զարգացումների տրամաբանությունն ընթանա այնպես, ինչպես դա պատկերացրել է նախկին նախարարը։ Վիգեն Սարգսյանն իր՝ որպես նախարար առաջին իսկ հայտարարության մեջ նշում է, որ եկել է՝ Բանակում Գերագույն գլխավոր հրամանատարի պատկերացումները կյանքի կոչելու համար։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախագահ Սարգսյանը որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել բանակաշինության խնդիրներին և այսուհետև անձամբ է զբաղվելու այդ կառույցի հետագա զարգացման գործերով։
Երկրորդ, խոսվում է ազգ֊բանակ գաղափարի մասին։ Որքան էլ մեր բանակը ազգային լինի, այնուամենայնիվ, փաստ է, որ սա միանգամայն նոր մոտեցում է անկախ Հայաստանի համար։ Ըստ նոր գաղափարի՝ այսուհետև Բանակ է համարվելու ոչ միայն Զինված ուժերի համակարգը, այլ ամբողջ հասարակությունը՝ լինի գիտնական, թե մանկավարժ, արհեստավոր, թե նկարիչ։ Բանակի նման ընկալման մասին քննարկումներ նախկինում ևս եղել են։ Բայց այսօր այդ ամենը բարձրացվում է ծրագրային մակարդակի և դա շատ լավ է։ Որովհետև, ցավոք, այն միջավայրը, որտեղ ապրում և զարգանում է մեր պետությունը, այլ հնարավորություններ մեզ չի տալիս։ Հայաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր իշխանությունները սպառված են համարում Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավորությունները։