Երեկ Վանաձորում տեղի ունեցած աղմկալի դեպքերը սպառնում են ի չիք դարձնել Վանաձորում ընդդիմադիր դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Հայկական Վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ, ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը երեկ երեկոյան ծեծի է ենթարկել Ավետարանական եկեղեցու առաջնորդ հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ հենց եկեղեցական կեցավայրում։ Ծեծի բուն պատճառը, ըստ Ռաֆայել Գրիգորյանի, այն է, որ Փելեշյանին դուր չի եկել հոգևոր հովվի՝ եկեղեցու ներսում քարոզչություն արգելելու հորդորը։ Հիշեցնենք, որ Փելեշյանը միայնակ չի եղել․ նա իր հետ գտնվող թվով 10 մտերիմների հետ նախ փակել է եկեղեցու մուտքը, որից հետո արդեն, ըստ Գրիգորյանի, ծեծի է ենթարկել իրեն։
Ինչ մնում է հարցի քաղաքական մասին, ապա ակնհայտ է, որ սա առանց այն էլ իրար հետ պայմանավորվել չկարողացող ընդդիմադիր ուժերի վրա բացասական կանդրադառնա։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ միավորել Հայկական վերածնունդի և Բարգավաճ Հայաստանի ձայներն ու ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն քաղաքում, ՀՎԿ-ն հայտարարել է, որ կմիանա այն դեպքում, երբ գալիք ընտրություններին պառլամենտական Լուսավոր Հայաստանը սատարի ՀՎԿ-ին, քանի որ այն լոկալ քաղաքական ուժ է, իսկ ՀՎԿ-ն հանրապետության մասշտաբով երրորդ արդյունքը գրանցած ուժ է, և պառլամենտական ընտրությունների ժամանակ Լուսավորը չի կարող պայքարել հավասարը հավասարի դեմ։ Երկրորդ պայմանն այն է, որ քաղաքապետ դառնա հենց իրենց թեկնածուն՝ այսպիսով ՀՀԿ-ին զրկելով մեծամասնություն ձևավորելու հնարավորությունից։ Բնականաբար, Լուսավոր Հայաստանը հենց այնպես իր ձայները, որոնք քիչ չեն, չի նվիրի ոչ մեկի, և եթե նոր բանակցային ֆորմատ չմշակվի, ապա կարելի է հստակ նշել, որ այս համախմբումը տեղի չի ունենա։ Թե ինչպես կազդի դա վերոնշյալ քաղաքական ուժերի հետագա վարքագծի ու վարկանիշի վրա, ցույց կտա ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել