Եվ այսպես, որոշակիորեն կարող ենք ամփոփել անցած կիրակի հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Անկախ ընտրությունների արդյունքներից, որոնք, ի դեպ, դեռ վերջնական չեն, արձանագրենք որ․
1. Թեպետ քաղաքական ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր մի շարք ուժեր, փորձում են հաջողության բանաձևը ձևակերպել ավելի շատ ծրագրային դրույթներից ու նպատակներից ելնելով, սակայն փորձը ցույց տվեց, որ հայ ընտրողն այս պահին իր նախապատվությունը պատրաստ է տալ ավելի շատ կոնկրետ անձի և նրա երաշխավորված խոսքին։
2. Քաղաքականությունը Հայաստանում անձնավորված է։ Այս պահին սրա մեջ ոչ մի կասկած չպիտի լինի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, անձերը կարող են նաև դրական դերակատարում ունենալ քաղաքական գործընթացների մեջ։ Օրինակ, եթե նախկինում թաղային հեղինակությունները կարող էին ապահովել մի ամբողջ կուսակցության տրվելիք ձայներ, ապա նույն անհատը, որն արժեքային տարբեր համակարգի ներկայացուցիչ է, արդեն ցիվիլ դաշտում նույնպես կարող է ունենալ հետևորդներ ու ընտրողներ։ Առայժմ, իհարկե, երկրի ինտելեկտուալ սեգմենտն իր ազդեցությամբ զիջում է կրիմինալին, սակայն եթե նախկինում կրիմինալը բացահայտ դոմինանտ էր, ապա որոշ դեպքերում ու տեղերում արդեն սկսում է զիջել իր դիրքերը:
3. Հանրությունը, առայժմ միայն լոկալ ընտրությունների տեսքով, հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ պատրաստ է համակրել այն քաղաքական ուժին կամ ուժերին, ովքեր իրեն չեն կանգնեցնի կոնկրետ ընտրության առաջ՝ բարի կամ չարու։ Այն ուժերի, որոնք սևի ու սպիտակի չեն բաժանի դաշտն ու չեն փորձի քաղաքացիներին տանել կա՛մ դեպի հավերժ հաղթանակ, կա՛մ հավերժ պարտություն։ Առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ արկածախնդրությունը քաղաքական թիմի վարքում հանրության համար դառնում է անընդունելի։
Վերոնշյալ պատճառներն են, որ այսօր հանրությունը շարունակում է ընդունել ՀՀԿ-ին որպես իշխանություն։ Ոչ միայն ընդունել, այլև ձայն տալ նրան, որովհետև թեկուզ նվազ ընդունելի, բայց հստակ խաղի կանոններ այսօր ունի միայն ՀՀԿ-ն։ Հետևաբար, ՀՀԿ-ին այլընտրանք հավակնող ուժը պետք է խաղի կանոնները փոխելու հարցում առաջնորդվի պերմանենտ պայքարի սկզբունքներով՝ միևնույն ժամանակ նաև չմերժելով սրբազան հնի հետ ինչ-որ իքս պահի քաղաքական դիսկուսիա վարելու հնարավորությունը։ Իշխանությունն իր հերթին հասկացնում է, որ համագործակցություն հնարավոր է միայն այս ուժերի հետ։ Համագործակցություն ասելով՝ նկատի չունենք ինչ-որ դատարկ ու ոչինչ չորոշող կոալիցիաներ։ Իշխանության փոխանցումը հենց ինքը համակգործակցության ձև է։