2016թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 129 մլն դոլար՝ աճելով 18,9 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 985 մլն դոլար՝ նվազելով 2,1 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ արտաքին աևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է՝ կազմելով մոտ 856 մլն դոլար:
2016-ի առաջին 8 ամիսներին Հայաստանից արտահանված մոտ 1 մլրդ 129 մլն դոլար ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Մասնավորապես, տարեկան արտահանման մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը` մոտ 300 մլն դոլար, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ նվազել է 5,2 տոկոսով:
Երկրորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 242,5 մլն դոլար, որի արտահանումն աճել է 28,7 տոկոսով, երրորդը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք և այլն)՝ 236,5 մլն դոլար, կտրուկ՝ 85 տոկոս արտահանման աճով, չորրոդը՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (սև մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ և արտադրանք պղնձից, ալյումին և արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա և արտադրանք դրանցից)` մոտ 139 մլն դոլար, արտահանման նվազում 12,1 տոկոսով:
Այս 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած՝ կազմում է մոտ 918 մլն դոլար:
Ի դեպ, այս 4 ապրանքախմբերին այս տարի մոտեցել է մանածագործական իրերի արտահանումը, որը 8 ամիսների արդյունքով կազմել է 63,8 մլն դոլար՝ ավելանալով 59 տոկոսով: