Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել անդրադառնալու ՏԻՄ համակարգի նշանակությանը:
Հասարակությունում որոշակի կարծիք կա, որ երկրի կառավարման հիմնական գործընթացները սահմանափակվում են նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության ինստիտուտներով, սակայն ՏԻՄ-ն ամենաանմիջական փոխկապակցվածությունն ունի հասարակությանը:
ՏԻՄ-ն է, որ կարևորագույն ազդակներն է ուղարկում վերը թվարկված բոլոր երեք ինստիտուտներին, որոնք իրենց հերթին չեն կարող հաշվի չնստել ժողովրդական կարծիքի հետ:
Եվ ուրեմն, ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում կարևորագույններից է:
Ի՞նչ տվեցին արդեն ավարտված ընտրությունները, արդյոք հասարակական կարծիքը, մտահոգություններն ու նպատակներն ամբողջությամբ տեղ գտա՞ն քվեարկության վերջնական արդյունքում:
Արդյոք ընտրված համայնքի ղեկավարները կլինե՞ն ղեկավար ինչպես իրենց քվեարկած, այդպես էլ իրենց ձայն չտված քաղաքացիների համար:
Արդյոք քաղաքական այլ հայացքներ ունեցած անձինք, իրենց ազատ քվարկության իրավունքից օգտվելով, ստիպված չե՞ն լինի հատուցել դրա համար:
Արդյոք նորընտիրները հետևողակա՞ն են լինելու ժողովրդին տրված խոստումներն իրականացնելիս:
Օրինակները շատ են, երբ ընդգրկված համայնքի ղեկավարներն անտեսում են այն թաղամասերն ու փողոցները, որոնք մաս են կազմում այն ընտրատեղամասերին, որտեղ վերոնշյալ համայնքի ղեկավարները պարտվել են քվեարկության արդյունքում:
Սրանք կարևորագույն հիմնահարցեր են, որոնք, ցավոք, հայկական քաղաքական մշակույթում դեռևս արատավոր բնույթ են կրում, իսկ արդյունքում մեր հայրենակիցներն են ստիպված լինում համակերպվել նման կամայական մոտեցումներին:
Խնդիրն արմատական է։ Իրականում քաղաքացին չպետք է հաջորդ անգամ ձայն տա այն թեկնածուին, ով դադարում է աշխատել նրանց համար, ովքեր իր օգտին չեն քվեարկել:
Նման մոտեցումը կարող է դառնալ նոր հիմք և նոր մշակույթ, որի հետ ցանկացած ՏԻՄ ղեկավար չի կարող հաշվի չնստել: Ժողովուրդն իրենից անգերազանցելի ուժ է ներկայացնում, և երբ այդ ուժը սկսի ամբողջապես հակադարձել չինովնիկին, ապա վստահեցնում եմ՝ մեր երկրում համակարգային փոփոխություններն ավելի դինամիկ բնույթ կկրեն:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության քարտուղար
Վահե էնֆիաջյան