Երեկ ՀՀ-ում հերթական ընտրություններն էին՝ այս անգամ ՏԻՄ մակարդակով: Հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են ընտրություններ: Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը հոկտեմբերի 2-ի ժամը 20.00-ի դրությամբ կազմել է 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:
Այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ նշված երկու քաղաքների ՏԻՄ ընտրություններում առաջին անգամ կիրառվում էր ավագանիների համամասնական ընտրակարգը. ընտրություններին մասնակցում էին ոչ թե առանձին անհատներ, այլ ընտրողները քվեարկում էին որևէ կուսակցության օգտին:
Ընտրություններն առանձնակի և յուրահատուկ էին նաև այն առումով, որ աչքի ընկան բավականին խախտումներով և ընտրակաշառք բաժանելով: Հատկանշականն այն է, որ այդ միջադեպերում բավականին ակտիվ դերակատարում ուներ ՀՀ քաղաքական դաշտի «ընդդիմադիր» սեկտորը: Ստացվում է, որ քաղաքական արդարությունից ու «ճշտի դրոշակը» մշտական ճոճող ուժերն իրենք առաջին իսկ հնարավորության դեպքում օգտագործում են իրենց հնարավորությունն իշխանական կերակրատաշտից համտեսելու և այդ արևի տակ տեղ ունենալու համար: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ չար լեզուներն ասում են, թե վերոնշյալ գործընթացում լուրջ ներգրավվածություն են ունեցել նաև «հին ընկերները». հենց այդ ամենի շնորհիվ նրանք հաղթահարեցին անցումային շեմը և, հավաքելով 6 % ձայն, քվոտա ստացան Վանաձորի առաջիկա հինգ տարիների կառավարման գործում: