ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի Մեհրեբան քաղաքում երեկ տեղի ունեցած աղոթքի ժամանակ ուրբաթօրյա աղոթապետը (امام جمعه)` Հասան Մորսալին, անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությունում մոհարրամ ամսվա սգո քայլերթերին, ինչպես նաև փողոցներում սգո պաստառներ ու դրոշներ փակցնելու արգելքի մասին օրենքին, դիմել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին (հավանաբար Իրանում արդեն նախագահ են համարում Հեյդար Կրտսերին)` ասելով. «Սպասում ենք, որ Հեյդար Ալիևը` Ադրբեջանի նախագահը, իր երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով արգելվում են սգո քայլերթերը այդ երկրի փողոցներում, չեղյալ համարի և դրանով ցույց տա, որ իսրայելական ռեժիմի կամակատար չէ»:
Մորսալին, խիստ դատապարտելով ԱՀ խորհրդարանի` սգո քայլերթերն ու փողոցներում կրոնական լոզունգների ու դրոշների փակցնումն արգելող օրենքը, ասել է. «Ադրբեջանի նախագահը և պատգամավորները թող դասեր քաղեն տարածաշրջանի մյուս երկրների ճակատագրերից»:
Մորսալին միաժամանակ իր ջերմ ողջույններն է հղել Ադրբեջանի շիա հավատացյալներին` ի նշան փոխնվիրվածության: