Երեկ «Շանթ» հեռուստաընկերության եթերով ցուցադրվեց «X Factor» նախագծի հայկական տարբերակի առաջին գալա համերգը, որին ներկա էր եղել նաև ArmStar.am-ը:
Վերջնական փուլ անցած բոլոր 12 մասնակիցներն էլ մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել իրենց ելույթներին: Նրանցից պակաս հուզված չէին նաև ժյուրիի անդամները, որոնցից յուրաքանչյուրն իր խմբում ունի 3-ական մասնակից:
Ինչպես նշեց շոուի հաղորդավար Ավետ Բարսեղյանը, «X Factor»-ը մյուս մրցույթներից տարբերվում է նրանով, որ այստեղ միմյանց դեմ մրցում են ոչ միայն մասնակիցները, այլև ժյուրիի անդամները` Գարիկ Պապոյանը, Գիսանե Պալյանը, Նաիրա Գյուրջինյանը և Անդրեն, ով, ի դեպ, այս եթերաշրջանում առաջին անգամ է միացել մրցույթին:
Այսպիսով, Գարիկն այս տարի աշխատելու է տղաների խմբի հետ (Գևորգ Հարությունյան, Արմեն Եդիգարյան, Կիմ Գրիգորյան):
Գիսանեին բաժին են ընկել խմբերը («International», «Storm», «Diomonds»):
Նաիրա Գյուրջինյանի թիմում են հայտնվել 25-ից բարձր մասնակիցները (Միհրան Պետրոսյան, Ասյա Պողոսյան, Սվետլանա Ոսկանյան):
Իսկ Անդրեի թիմում աղջիկներն են (Կարինե Խաչատրյան, Մարիաննա Շանոյան, Լենա Ղազարյան):
Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի հուզեց ու գրավեց թե ժյուրիին և թե հանդիսատեսին, սակայն հուզմունքն ավելի մեծացավ հատկապես մրցույթի ամենատարեց մասնակցի` 76-ամյա Ասյա Պողոսյանի ելույթի ժամանակ, ով կատարում էր Դեմիս Ռուսուսի «From souvenirs to souvenirs» երգը:
Իսկ արդյո՞ք ժյուրիի անդամները միմյանց դիտում են որպես մրցակցի: Այս հարցին Գիսանե Պալյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Կան մասնակիցներ, ովքեր ուժեղ են և կարող են մրցել մեր դեմ»: Գիսանեն նաև ավելացրեց, քանի որ առաջին անգամ է այս նախագծի շրջանակներում մրցում Անդրեի հետ, ապա իր համար ամենահետաքրքիր մրցակիցը հենց նա է:
Նաիրա Գյուրջինյանը նշեց, որ բոլոր խմբերում էլ ունի ֆավորիտներ, սակայն նա ևս առանձնացրեց Անդրեին և նրա թիմը:
Փոխարենը՝ Գարիկը նշեց, որ չունի մրցակիցներ, քանի որ իր թիմի կողքին կանգնած է հանդիսատեսը:
ArmStar.am-ը զրուցեց նաև Անդրեի հետ` պարզելու համար, թե արդյոք երգիչը գո՞հ է իր թիմակիցների ելույթներից, և ո՞վ է նրա մրցակիցը: «Ես գոհ եմ իմ մասնակիցների ելույթներից, քանի որ առաջին մրցութային օրն էր: Ես, միգուցե, մի փոքր շատ էի նրանց ծանրաբեռնել, բայց կարծում եմ` այսօրվա դարաշրջանը պահանջում է շոու: Ինձ հետաքրքիր է հենց դա… Ամեն դեպքում, ես չեմ ձգտում հաղթել այս մրցույթում, պարզապես անում եմ այն, ինչը սիրում եմ»:
ArmStar.am-ի հետ զրույցում Անդրեն նշեց, որ մրցակից թիմերից բոլորի ելույթներն էլ հավանել է և ոչ ոքի որպես մրցակցի չի դիտում: «Միգուցե առաջին համերգն է, դրա համար եմ այդպես ասում, բայց չեմ կարծում, որ տեսակետս կփոխվի…»:
Ինչևէ, չնայած բոլոր մասնակիցներն էլ ուժեղ էին և հետաքրքիր, սակայն ըստ մրցույթի ձևաչափի, ամեն համերգից հետո մասնակիցներից մեկը լքելու է նախագիծը: Նրանց ճակատագիրը որոշելու է հեռուստադիտողը: Արդյունքները կամփոփվեն հաջորդ կիրակի` երկրորդ գալա համերգի ժամանակ: Հենց այդ օրն էլ հեռուսադիտողը կպարզի, թե ժյուրիի անդամներից ո՞վ է առաջինը հրաժեշտ տալու իր թիմակիցներից մեկին:



