Картинки по запросу ԳյումրիԳյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունները սպասվում են սովարականի պես անցնել համառ ու լարված պայքարում։ Իսկ այն որ նախընտրական լարվածությունը, շիկացած կրքերն ու աղմկալի միջադեպերը այս քաղաքի անբաժանելի մասն են ընտրությունների ընթացքում, դա արդեն սովորականի պես մի բան է դարձել : Եթե վերցնենք, թե ինչպես անցավ այս քարոզարշավը, ապա վստահաբար պիտի ասել, որ բացառություն չեղավ։ Հերթական անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ցավոք, արյունալի դեպք գրանցվեց, որը կապված է Գյումրու քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու սպանության հետ։ Արյունալի միջադեպերը, ինչպես նշեցինք, Գյումրու պարագայում նորություն չեն, սակայն հանուն անկեղծության պետք է խոստովանել, որ այս դեպքում պարզապես ամպրոպ էր խաղաղ երկնքում։ Անշուշտ, կար լարվածություն թեկնածուների միջև, սակայն ոչ մի պարագայում դա թշնամական ու ատելության տիրույթում չէր կարելի տեղավորել։ Նախաքննությունը, իհարկե, դեռ կտա որոշ հարցերի պատասխաններ, սակայն քաղաքում այս միջադեպը կապում են Վարդևան Գրիգորյանի ըննդիմախոսների կողմից նրա վերաբերյալ քաղաքի կենտրոնում պաստառ փակցնելու հետ։ Այդ պաստառի վրա զառեր կային, որոնց վրա գրված էր՝ «հաջողության բանաձևը», որը միտում ուներ Գրիգորյանին հիշեցնելու նախկինում ազարտային խաղերի հանդեպ ունեցած հետաքրքրությունները։ Այժմ թե՛ ԲՀԿ քաղաքական թիմը, և թե՛ իշխանությունները լռում են սրա մասին, սակայն ակնհայտ է, որ դեռ շատ խոսակցություններ կլինեն այս թեմաներով։
 
Ինչ մնում է ընտրություններին, ապա մեծ հաշվով ֆավորիտները երկուսն են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու հենց ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը։ Աղմկալի միջադեպի մեղավորների մեջ շրջանառվել է նաև Բալասանյանի որդու անունը, սակայն դրանք ընդամենը խոսակցություններ են։ Սակայն այդ խոսակցություններն ընտրությունների շեմին կարող են աշխատել Բալասանյանի դեմ, մանավանդ եթե հաշվի առնենք վերջինիս քարոզչական մեթոդների, մեղմ ասած, ոչ պրոդուկտիվ լինելը։ Նախընտրական պաստառներից մեկի վրա մասնավորապես գրված էր՝ «ժամանակին վճարված աշխատավարձեր», ինչն առնվազն տարօրինակ կարող է դիտվել հանրության շրջանում։ Մնացած քաղաքական ուժերը կարող են պայքարել ավագանու ցուցակում տեղ ունենալու համար, բայց հիմնական պայքարը, կարծում ենք, կգնա հենց այս երկու թեկնածուների միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել