Картинки по запросу VanadzorԵվ այսպես, վաղը Հայաստանի երկու խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններ են։ Գյումրիում և Վանաձորում մարտի են դուրս եկել համապատասխանաբար 12 և 8 կուսակցություններ, որոնք կպայքարեն քաղաքապետի և ավագանու մանդատների համար։
 
Ամփոփելով Վանաձորում անց կացված քարոզարշավը՝ կարելի է ասել, որ հիմնականում այն անցել է խաղաղ, առանց որևէ միջադեպերի ու աղմկահարույց դեպքերի։ Քանի որ նախընտրական շրջանում պայքարը ընդունված է համարել իշխանության ու ըննդիմության միջև, ապա այս քարոզարշավն առանձնացավ ավելի շատ ընդդիմադիր կուսակցությունների միջև թեժ պայքարով, ըստ էության՝ «թե ով է ավելի ընդդիմադիր» լոզունգի տակ։ Սրանից, բնականաբար, շահող դուրս եկավ իշխող քաղաքական ուժն ու ավելացրեց իր շանսերը հաղթանակի հասնելու գործում։
Վանաձորի մշակութային տեղական կոլորիտը հիմնականում առանձնանում է նաև ընտրական գործընթացներում իր կայուն գործող մեխանիզմով։ Մարդկանց մեծ մասի համար լայն իմաստով նշանակություն չունի, թե ովքեր են կուսակցություններն ու ինչպիսի ծրագրային դրույթներ են նրանք ներկայացնում։ Խնդիրն ավելի շատ անձերի մեջ է, որովհետև նախ՝ քաղաքը շատ փոքր է ու մարդիկ ճանաչում են միմյանց, և հետո՝ քաղաքը քաղաքական անցուդարձին տեղյակ է մակերեսորեն, և ծրագրային դրույթները նրանց այդքան էլ չեն հետաքրքրքում։ Այդ է պատճառը, որ Վանաձորում քաղաքապետ կարող է դառնալ մեկը, ով չունի այդքան շատ ֆինանսական ռեսուրսներ, սակայն ազդեցություն ունի քաղաքում դրական իմաստով։ Բնականաբար, իշխանական, վարչական լծակները կարևոր են, սակայն եթե մյուս քաղաքներում, մարզերում դրանք որոշիչ գործոն են, ապա Վանաձորում կարևոր են, սակայն որոշիչ չեն։ Դիցուք, նոնսենս է։ Բազմաթիվ հարցումների արդյունքով՝ քաղաքի բնակչությունը դժգոհ է գործող քաղաքապետից և իշխող ՀՀԿ-ից, սակայն պատրաստ է իր ձայնը տալ այդ քաղաքական ուժը ներկայացնող մարդուն՝ նոտար Մամիկոն Ասլանյանին։ Եվ բացատրությունը մեկն է․ ոչ թե ՀՀԿ-ն է օգնում թեկնածուին, այլ թեկնածուն իր ազդեցությամբ է օգնում իշխող ուժին վերարտադրվել։ Եվ քաղաքացիներից շատերի համար բոլորովին էլ կապ չունի, թե Ասլանյանը որ կուսակացության կազմում է մասնակցում ընտրություններին։ Եթե նա, ասենք, մասնակցեր ԴեմԿուսի ցուցակով, վստահաբար, հանրության մի ստվար զանգված նորից կգնար նրա հետևից։ Եվ ուրեմն՝ խնդիրը հենց, այսպես ասած, քաղաքային մոտեցումների մեջ է, որտեղ, ինչ խոսք, որոշիչ դեր պիտի խաղան քաղաքական ուժերի՝ ընտրողների հանդեպ անձնական մոտեցումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել