Ընտրությունները ավարտվեցին, մնաց ամփոփել արդյունքները, սակայն ընթացքից արդեն երևում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստաբիլ երկրորդ տեղում է: Ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն կարելի է համարել արդյունք, քանզի նա մենակ հնարավորինս մոտեցավ հաղթանակի շեմին: Նա սեփական առաջադրումով (ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որին ՀՀԿ-ն էր առաջադրել) կարելի է ասել լուրջ մրցակից դարձավ գործող նախագահին: Ի տարբերություն 2008-ի նախագահական ընտրությունների՝ այստեղ միգուցե պայքարը համատարած թույլ էր, սակայն չպետք է մոռանալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ սատարում էր կուսակցությունների մի ամբողջ փունջ`ՀԱԿ-ը: Ես չեմ բացառում, որ ընտրախախտումներ եղել են, սակայն այդքան աղաղակող չափերի, որը կբերեր նման տարբերությա՞ն… Եվ այսպես, որտե՞ղ է սխալվել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընդհանրապես, երբ հետևում ենք, թե քաղաքական ինչպիսի հաջող տեխնոլոգիաներ էր օգտագործում Րաֆֆի Հովհաննիսյանը, հասկանում ենք, որ նրա բարևները ոչ այլ ինչ էին, եթե ոչ մոտիկից շփում սովորական հայի հետ: Եվ ինչպես կյանքը ցույց տվեց, այդ գործառույթը աշխատեց, որովհետև սովորական մարդը միշտ կարիք ունի անմիջական շփման մեջ լինել առաջնորդի հետ: Եթե դա այդպես է, իսկ դա իրոք այդպես է, ուրեմն կարելի էր չէ՞ համախմբել անապահով խավին և ներկայանալ նրանց շահերից, չէ՞ որ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին աղքատության շեմին է կանգնած: Նա իր ելույթների ժամանակ միշտ հնչեցրել է աղքատության հաղթահարման առանցքային խնդրի առկայությունը և կարևորությունը, սակայն դա արել է ձեռքի հետ՝ քաոտիկ վիճակ հաղորդելով այդ գաղափարին: Խնդիր, որի լուծումը կկանգնեցներ արտագաղթը: Անապահովները, ի տարբերություն սակավաթիվ միջին խավի, ունեն առաջնորթի կարիք, նրանց անհապաղ պետք է մի քաղաքական գործիչ, որի գերնպատակը լինի իրենց այդ վիճակից հանելը:



