ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկա պահին պայմանները նպաստավոր չեն: ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ այս մասին պետքարտուղարը հայտարարել է Washington Ideas համաժողովի շրջանակներում:
Պետքարտուղարը նաև նշել է, որ աշխարհում բազմաթիվ սառեցված հակամարտություններ կան, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրանցից մեկն է։ Ըստ Քերիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս պահին պատրաստ չեն հարցի խաղաղ կարգավորմանը։
Առաջին հայացքից Քերին արտառոց ոչինչ չի ասել, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումները մեծ հաշվով դրական արդյունք չեն տալիս և մտել են փակուղի։ Ստեղծված իրավիճակում կա երկու ելք։ Ռազմական ճանապարհով փորձել հասնել խնդրի կարգավորմանը, ինչին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց գնալ այս տարվա ապրիլ ամսին բանակցությունների միջոցով։ Ռազմական ճանապարհով հարցի լուծման տարբերակը կարող ենք բացառել, որովհետև Ադրբեջանի համար պարզ դարձավ որ զենքի ուժով, նույնիսկ թվային ու զինատեսակների առավելություն ունենալու պարագայում էլ հնարավոր չէ հաղթել, քանի որ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի դիմադրությանը։ Սպասվում էր, որ այդ իրադարձություններին հաջորդած Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցությունները որոշակիորեն հստակեցում կմտցնեն այդ հարցում, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ։ Ավելին, այսօր կարելի է հստակ ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ՝ 1994 թվականի զինադադարից սկսած ամենալարված էտապում են գտնվում։
Ինչպես գիտեք, այս ամենի հետ մեկտեղ՝ երեկ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին հայտնվել նաև այն մասին,որ 2017 թվականի բյուջեով երկրին հատկացվելիք ռազմական ծախսերը կրճատվել են 4 անգամ։ Իսկ ավելի կոնկրետ՝ 1 միլիարդ դոլլլար է հատկացվելու Պաշտպանության նախարարության ծախսերին։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն աստիճանաբար հետ է կանգնում իր ռազմատենչ հռետորաբանությունից և որդեգրում ստատուս քվոյի պահպանման սկզբունքը։ Չի կարելի ասել, թե սա երկարատև խաղաղության հաստատման համար բավարար նախապայման է, բայց այն, որ հարևան երկիրը ռազմատենչ հռետորաբանությունից աստիճանաբար հետ կանգնելու քայլեր է կատարում, ինչ խոսք, ոգևորիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել