Ընդամենը երկու օրից տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ Հանրապետության միանգամից երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Նախընտրական կրքերը կարծես թե հասել են իրենց գագաթնակետին և շատ հաճախ քաղաքական ուժերը շեղվում են իրենց նախանշած թիրախներից ու քննարկման առարկա դարձնում ավելի շատ մեկը մյուսին։ Խոսքը հատկապես Վանաձորի մասին է, իսկ ավելի կոնկերտ՝ Լուսավոր Հայաստան ու Քաղաքացիական Պայամանագիր կուսակցությունների հեռակա բանավեճը, որը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի միջոցով թվում էր, թե հարթվել է, երբ վերջինս Էդմոն Մարուքյանին ու Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր իրենց տուն՝ գինի խմելու։
Եվ ահա, երեկ պարզ դարձավ, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց մասին նախկինում խոսվել է, սակայն նախընտրական շրջանում դրանք դառան ավելի ակտուալ։ Խոսքը վերաբերվում է մասնավորապես Էդմոն Մարուքյանի՝ 2012 թվականին ԱԺ պատգամավորի ընտրություններում ապօրինի գրանցված լինելու մասին։ Մարուքյանը, ըստ այդ տեղեկությունների, վերջին 4 տարիների ընթացքում մշտապես չի գտնվել հանրապետությունում, քանի որ 2010 թվականից մինչ 2011 թվականները գտնվել է ԱՄՆ Միննեսոտա նահանգում, որտեղ կրթություն է ստացել տեղի համալսարանում՝ մարդու իարվունքների գծով։ Նշվում է, որ այսպիսով Մարուքյանի՝ ՀՀ-ում մշտական գրանցման տեղեկանքը կեղծ է, և նա իրավունք չուներ ոչ միայն առաջադրվելու, այլև դառնալու ՀՀ ԱԺ պատգամավոր։ Այս խնդիրը, կրկնում ենք, ակտուալ է դեռևս Մարուքյանի՝ պատգամավոր դառնալու օրերին, թեպետ ինքը՝ էդմոն Մարուքյանն այդ հարցին անդրադառնալիս բազմաթիվ անգամ նշել է, որ ինքը ԱՄՆ-ում այդ մեկ տարին չի բնակվել մշտական հիմունքներով, այլ պարբերաբար այցելել է Հայաստան և նորից ետ վերադարձել։ Անշուշտ, հասկանալի է նաև այն հանգամանք, որ, հաշվի առնելով Վանաձորում Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում հաղթելու բավականին մեծ շանսերը, վերջինիս ընդդիմախոսները փորձում են մի վերջին հարվածը հասցնել Էդմոն Մարուքյանին՝ սպառնալով նույնիսկ հարցը լուծել դատարանում։ Այլ կերպ ասած՝ նրան մեղադրել պետական հանցագործություն կատարելու մեջ։ Մնում է ուղղակի սպասել ու տեսնել, թե ամեն դեպքում հոկտեմբերի 3-ից հետո այս խոսակցություններով հետաքրքրքված անձինք կշարունակեն նույն կերպով ակտիվորեն դատարաններ հրավիրել Մարուքյանին, թե նախընտրական թոհուբոհից հետո այն նորից կդադարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել