Ինչքան վատ կլիներ, որ մեր նախագահ դառնար Վարդան Սեդրակյանը` էպոսագետը: Նա հայտարարել է, որ օրենքները վերացնելու է և նոր օրենքներ է գրելու ըստ էպոսի: Պատկերացրեք՝ ինչ վատ կլներ, որ հարկերը մուծեինք տասնորդականով, վերանար ինտերնետը, հեռուստաընկերությունները և հեռուստատեսությունը, և մեր Վարդան նահապետը լիներ մեր թագավորը: Շոու-բիզում կմնար մենակ մի երգիչ՝ դա է Ձենով Օհանը: Պատկերացրեք՝ բոլորիս զանգերին Ձենով Օհան լիներ: «Լսե՞լ ես Ձենով Օհանի թազա երգը, ճարի լսի թույն երգ ա...»: Սասունը կդառնար մեր մայրաքաղաքը: Իսկ երգիչ Սասունցի Դավիթը, համաձայնեք, լրիվ ուրիշ հեղինակություն կունենար: Սասունցի, սասունցի, սասունցի, ուր էլ լինես իմ բարեկամ, դու նրա հետ ընկերացի, լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա սասունցին: Շատ մոդայիկ կլիներ հետևյալ արտահայտությունը. «Արա տղերք, տեսե՞լ եք՝ էն Միհրդատ Գալիլեյացին Վրաստանից ինչ լավ Քուռկիկ Ջալալի ա բերել, 2010 թիվ, մի ձիաուժ, համել քշած չի` յուղը վրեն ձի ա»: Ավտոմատ կերպով երկիրը ոչ թե կլիներ օվալաձև, այլ առյուծաձև: Հին ու բարի ռադիոյով ամեն առավոտ իր քաղաքացիներին խորը քնից, ասես զարթուցիչ, կարթնացներ Վարդան նահապետի ելույթը. «Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է` ձիեր թամբեք...»: Եվ ամենակարևորը՝ մարդիկ կսկսեին մեծանալ ոչ թե օրերով, այլ ժամերով:
Թերազա Կասյան, Հայկարամ Նահապետյան հատուկ «Խխունջները ապշած են»-ի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովից:



