Րաֆֆի Հովհաննիսյան. Հայ ժողովուրդը նշում է 20 տարվա առաջին հաղթանակը«Ժողովուրդը հաղթել է, պարտվել է վախը, պարտվել է փոքրոգությունը»,– այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քիչ առաջ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ փետրվարի 18–ին հայ ժողովուրդը նշում է 20 տարվա առաջին հաղթանակը, որ հաղթել է ոչ թե Րաֆֆի Հովհանիսյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ հայ ժողովուրդը։ «Ով խեղում է ՀՀ քաղաքացու ձայնը, պատասխան է տալու։ Կարևոր չէ՝ նա ՀՀԿ–ի՞ց է, ՀԱԿ–ի՞ց, Դաշնակցությունի՞ց, թե՞ Ժառանգությունից»,– ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահն է, ով կարող է ընդունել, որ հայաստանցին կարող է ունենալ դե յուրե ընտրված նախագահ։ Նա ընդգծել է, որ հարգում է բոլոր մրցակիցներին, այդ թվում Սերժ Սարգսյանին Արցախյան հակամարտության ու պետականաշինության մեջ ունեցած իր ավանդի համար, և որ Սերժ Սարգսյանը մեծ ապագա ունի նաև հետագայում, բայց նա պետք է ընդունի, որ ժողովուրդը ազգ է դարձել։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ 5 տարի հետ վերընտրության չի գնալու, որքան էլ նրա թիմակիցներն ու ընտանիքները դեմ չլինեն, ու իշխանությունը փոխանցելու է նոր սերնդին։ Այսօր, ըստ նրա, գործեցին հետխորհրդային վախն ու կեղծիքը, որոնք հակահայկական ու հակապետական արժեքներ են։ Մնացած բոլոր հարցերին նա խոստացավ պատասխանել վաղը։ «Պարոն Հովհաննիսյան, Դուք ընտրվե՞լ եք»,– լրագրողի հարցին ի պատասխան, նա պատասխանեց՝ վաղը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել